Միջնորդություն է ներկայացվել Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը չկայացած ճանաչելու վերաբերյալ դատական գործի քննությունը կասեցնելու մասին

«Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը չկայացած ճանաչվի և դրա հիման վրա Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ՍՊԸ-ի միջև 2021-ի դեկտեմբերի 10-ին նույն անշարժ գույքի նկատմամբ կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվի՝ կիրառելով անվավերության հետևանքները։

Նշենք, որ Iravaban.net հետաքննություն  է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։

Այսօր՝ մարտի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում տեղի է ունեցել նշված գործով հերթական նիստը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ։

Դատավորը հայտնեց, որ «Արնդանե» ՍՊԸ-ի ներկայացուցիչը արագացված դատաքննություն իրականացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս միջնորդության քննարկումը դատարանը թողեց հետագայի համար, քանի որ Արա Հակոբյանի ներկայացուցիչը դատարանի քննությանը ներկայացրել էր գործի քննությունը կասեցնելու միջնորդություն։

«Քանի որ այս գործով ներկայացված պահանջը վերաբերում է նույն աճուրդին, որի վավերությունն ու իրավաչափությունը վիճարկվում է մեկ այլ դատարանում, գտնում ենք, որ գործի քննությունը այդ դատարանում ենթակա է կասեցման, քանի դեռ չի որոշվել աճուրդի վավերության հարցը՝ մեկ այլ դատարանում։ Միայն վավեր աճուրդը կարող է չկայացած ճանաչվել»,-նշեց Լյուդվիգ Դավթյանը։

Հիշեցնենք, որ մեկ այլ դատական գործով Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչվի՝ կիրառելով անվավերության հետևանքները։ Գործով պատասխանող են ներգրավվել սնանկության կառավարիչ Հ. Սողոմոնյանը և «Արնդանե» ՍՊԸ-ն, իսկ որպես երրորդ անձ են ներգրավված Երևանի քաղաքապետարանը և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։

Սնանկության կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ներկայացուցիչ Արթուր Ապիկյանը առարկեց միջնորդության դեմ։ Նրա կարծիքով՝ գործի քննությունը կասեցնելու որևէ հիմք չկա։ Փաստաբանը մեջբերեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածը, որի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը։ Ապիկյանի խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով՝ հայցվորը անհնարինության հանգամանք չնշեց։

Դատարանը խնդրեց Լյուդվիգ Դավթյանին պարզաբանել, թե ինչով է պայմանավորում անհնարինությունը։

«Անհնարինությունը նրանում է, որ այս գործով արդյունավետ դատական քննությունը չի սպասվում, քանի դեռ չի ավարտվել այլ դատարանում քննվող գործը։ Ենթադրենք՝ այս դատարանը որոշել է աճուրդը կայացած համարել և հայցը մերժել։ Ենթադրենք՝ մյուս գործով էլ դատարանը որոշի, որ աճուրդը անվավեր է։ Կստացվի իրար հակասող դատական ակտեր։ Անվավեր աճուրդը ոնց կարող է համարվել կայացած»,-նշեց փաստաբանը։

«Արնդանե» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ներսես Աղաբաբյանը դատարանում հայտարարեց՝ որևէ բան անվավեր ճանաչելու համար այդ «որևէ բանը» պետք է գոյություն ունենա։ Պետք է կայացված աճուրդ լինի, որ այդ աճուրդը անվավեր ճանաչվի․ «Միայն կայացված աճուրդը կարող է անվավեր ճանաչվել։ Կարծում եմ՝ գործի քննությունը շարունակելու անհնարինության հիմքեր և հիմնավորումներ հայցվորը չի ներկայացրել»։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչը նույնպես առարկեց ներկայացված միջնորդության դեմ։

Դատավորը հետաքրքրվեց՝ եթե պայմանական համարեն, որ հայցվոր կողմի դիրքորոշումների հետ համաձայն են․ «Դա ինչո՞վ է խանգարում շարունակել գործի քննությունը և օրինակ՝ բավարարել ձեր ներկայացրած հայցը։ Այնտեղ ի՞նչ հարցեր կարող են առաջ քաշվել, որ այստեղ չեն կարող լուծվել։ Ինչպիսի՞ իրավաբանական փաստեր այլ դատարանում կարող են հաստատվել, որ այստեղ չեն կարող հաստատվել»։

Լյուդվիգ Դավթյանի խոսքով՝ եթե հաստատվի, որ օրինակ՝ Հովհաննես Սողոմոնյանը իրավունք չուներ Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառել աճուրդով, սակայն վաճառել է, կստացվի՝ աճուրդը անվավեր է․ «Հետևաբար՝ այս դատարանում այդ աճուրդի կայացած լինելը անիմաստ և առարկայազուրկ է դառնում»։

Արթուր Ապիկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ գույքի հրապարակային սակարկություններով իրացնելու որոշումը տրվել է Սնանկության դատարանի կողմից, դատական ակտն էլ օրինական ուժի մեջ է մտել․ «Տվյալ դեպքում մենք ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որ սնանկության գործերով կառավարիչը իրավունք է ունեցել հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել տվյալ գույքը»։

Դատարանը որոշեց գործի դատական քննությունը հետաձգել՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023թ. մայիսի 10-ին։

———————————

Այվազովսկու 14 տարածքի վաճառաքի համար ԴԱՀԿ-ի կողմից շուրջ 70 աճուրդ է հայտարարվել: Դրանցից մեկում է (2016 թ-ի դեկտեմբերի 26-ին), որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրեն Արա Հակոբյանը հաղթող է ճանաչվել։ 2017 թվականի հունվարի 9-ին էլ կնքվել է առքուվաճառքի պայմանագիրը։ Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ Արա Հակոբյանը չի վճարել հողի կադաստրային արժեքը, ինչն էլ խոճընդոտել է գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքի գրանցմանը։

Հարկ է նշել, որ հայցվոր Արա Հակոբյանի անունը փոխկապակցվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը Էդուարդ Հարությունյանն է, ով զբաղցրել է ««Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը։ Դեռևս 2019 թվականին Հատուկ քննչական ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝  2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել