Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մարտի 16-ին կայացավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։
Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր հրավիրված դատական նիստի ընթացքում վկայություն տվեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 3 բուժքույրերը։
Առաջինը վկայություն տվեց Վիկտորյա Կարապետյանը։ Նա հայտնեց, որ հիվանդանոցում աշխատում է 2019 թվականից։ Վկան նշեց, որ ժողովին մասնակցել է, սակայն ուշադիր չի եղել Չարչյանի խոսքերի նկատմամբ։ Մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանի հարցերին ի պատասխան Վիկտորյա Կարապետյանը նշեց, որ կոնկրետ չի հիշում հրավիրված ժողովի օրը, ով էր նրան հայտնել ժողովի անցկացման մասին, որքան է տևել այն։ Բացի այդ, վկան չէր հիշում նաև ժողովի ժամանակ արված ձայնագրությունից մեջբերված հատվածները․ «Ուշադիր չեմ եղել»։
Վիկտորյա Կարապետյանը դատարանում ասաց, որ նշված ձայնագրությունները ինքը հարցաքննվելիս չի լսել, սակայն գործի նյութերի համաձայն՝ նա լսել է ձայնագրությունը և պատասխանել դրա վերաբերյալ քննիչի հարցերին։
Մեղադրողը մի հատված մեջբերեց Արմեն Չարչյանի՝ ժողովի ժամանակ ունեցած ելույթից․ «Հավատացեք, ով չի գնացել ընտրության, ես դիտարկելու եմ որպես իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե այստեղ նստածներից որևէ մեկը չի կատարելու իմ՝ տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, ապա տնօրենը և ամբողջ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ունենալու իր նկատմամբ։ Այդպիսի արտահայտություն կա՝ համարժեք պատասխան։ Չէ, համարժեք չի լինելու, խիստ անհամարժեք է լինելու, որովհետև այսօր որոշվում է իմ երեխայի, իմ թոռան ապագան»։ Հիշո՞ւմ եք նման արտահայտություն»։ Վկան պատասխանեց, որ չի հիշում։
«Ժողովի ժամանակ Չարչյանի ելույթից ես առանձնահատուկ բառեր կամ արտահայտություններ չեմ ֆիքսել, որ ասեմ։ Մեր տնօրենին հարգելով և սիրելով՝ մասնակցել ենք ժողովին։ Առանձնահատուկ բան չունեմ ասելու։ Մեզ ասել է, որ գնանք ու կատարենք մեր քաղաքացիական պարտքը, մասնակցենք ընտրություններին»,-ասաց Վիկտորյա Կարապետյանը։
Հարցեր կային, որոնց վերջինս բավականին դժվարությամբ էր պատասխանում կամ չէր պատասխանում։ Դատավոր Վահե Միսակյանը հետաքրքրվեց վկայից՝ ինչ-որ բանից կաշկանդվո՞ւմ է։ Վկան բացասական պատասխան տվեց։ Հայկ Հովհաննիսյանը շարունակեց․ «Արմեն Չարչյանն իր ելույթի ժամանակ զգուշացրել է, որ կարող է իմանալ՝ ով ինչ ընտրություն է կատարել»։
«Չէ, չեմ լսել, չեմ տեսել, ուշադիր չեմ եղել»,-նշեց վկան։
Դատախազը միջնորդեց, որպեսզի դատարանում հրապարակվեն վկայի նախաքննական ցուցմունքների առանձին դրվագներ, քանի որ դատարանում նրա հայտնածի և նախաքննական մարմնին հայտնածի միջև հակասություններ կային։ Դատարանը թույլատրեց, ամբաստանյալի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չառարկեց։
Դատախազը նշեց, որ ցուցմունքներից կարելի է ենթադրել, որ քննիչը Վիկտորյա Կարապետյանի համար միացրել է ժողովի ժամանակ արված ձայնագրությունը ու դրանց վերաբերյալ հարցեր տվել։
«Ձեզ քննիչը հարց է տվել իմ մեջբերած հատվածի վերաբերյալ, որը վերաբերում է «կոշտ վերաբերմունքին»։ Դուք պատասխանել եք․ «Ճիշտն ասած կոշտ և անհամաչափ վերաբերմունքի մասին, Չարչյանի խոսքից, չեմ հիշում, սակայն եթե նման բան եղել է, ապա ես դա որպես սպառնալիք չեմ զգացել։ Չեմ կարող հավատալ, որ պարոն Չարչյանը իրեն թույլ կտա սպառնալիքով խոսել աշխատողների հետ, ովքեր օր ու գիշեր աշխատում են, կյանքեր են փրկում»։ Ցուցմունքում նշված է, որ լսել եք ձայնագրությունը»,-ասաց դատախազը։ Դրանում նշված էր, որ ձայնագրությունը լսելուց հետո Վիկտորյա Կարապետյանը հաստատել է, որ դրանում Չարչյանի ձայնն է լսվում, սակայն նշել է, որ որևէ բացասական տպավորություն չի ստացել ելույթից։ Վկան պնդեց․ ինքը չի հիշում, որ նախաքննական մարմնում ձայնագրություն է լսել։
Ցուցմունքից մի հատված էլ մեջբերեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը․ ««․․․Ճիշտ ասած՝ չեմ հիշում և չեմ կարող ասել, որ այդպիսի խոսքեր հնչել են, սակայն դրա հետ մեկտեղ, իմանալով պարոն Չարչյանի մարդկային որակները, շարունակում եմ պնդել, որ ես նրա խոսքերը որպես սպառնալիք չեմ ընդունել և չեմ ընդունում։ Եթե չեմ սխալվում, ապա հավաքի ավարտին, իր փակման խոսքում նա ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու, հաջորդ առավոտը բացվելու է նախորդի նման, նրա հետ կապված որևէ խնդիր չի լինելու»։ Հիշեցի՞ք այս խոսքերը»։ Վկան հաստատեց․ այդ մասին հիշում էր։
«Ճի՞շտ եք ասել»,-հարցրեց Ալեքսանյանը։ Վկան դրական պատասխան տվեց։
Երկրորդը վկայություն տվեց 2012 թվականից «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում աշխատող Նվարդ Բադալյանը։ Նա նշեց, որ ժողով է եղել, «հանգիստ ձևով» Չարչյանն ասել է, որպեսզի բոլորը մասնակցեն ընտրություններին։ Կոնկրետ չէր կարող ասել, թե ով է իրեն ժողովի հրավիրել։
Հարցին՝ հաճա՞խ են նման ժողովներ հրավիրվել, վկան պատասխանեց, որ հիմնականում տոնական առիթներով են հրավիրվում։ Հարցին՝ ինչի՞ն էր նվիրված այս ժողովը, Նվարդ Բադալյանը պատասխանեց․ «Գիտեք, տենց կոնկրետ չեմ հիշում, թե ինչի մասին է եղել։ Տնօրենն ասեց՝ որպես ՀՀ քաղաքացի բոլորդ մասնակցեք ընտրություններին, որպեսզի ձեր տեղերը թափուր չմնան»։
Մեղադրողը կրկին մեջբերեց «ոչ համարժեք պատասխանի» վերաբերյալ Արմեն Չարչյանի խոսքերը։ Վկան նշեց, որ ժողովի ժամանակ նման արտահայտություններ չի լսել կամ չի հիշում․ «Ինքը չէր կարող իր աշխատողի հանդեպ այդ վերաբերմունքը ցույց տար։ Ես չեմ լսել նման բան։ Ինքն իր աշխատողներին սիրում ու հարգում է։ Էդ օրվանից ես հիշում եմ, որ ասել է՝ բոլորդ մասնակցեք ընտրություններին»։
Էրիկ Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ Չարչյանի ելույթը վկայի վրա բացասական ազդեցություն թողե՞լ է, սպառնալիք, պահանջ, պարտադրանք զգացե՞լ է։ Նվարդ Բադալյանը բացասական պատասխան տվեց։
«Ժողովից հետո բոլորդ ծափ եք տվել, դուրս եք եկել դահլիճից։ Ժողովի ավարտից հետո աշխատակիցների միջև քննարկում եղե՞լ է, թե ինչի մասին էր այն, ինչ էր ակնկալվում ձեզնից»,-հարցրեց դատավորը։ Վկան պատասխանեց, որ այլ աշխատակիցների հետ քննարկումներ չեն եղել, քանի որ հիվանդներով են զբաղված եղել։
Դատախազը կրկին միջնորդեց, որպեսզի նախաքննական ցուցմունքից դրվագներ հրապարակվեն դատարանում։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հայկ Հովհաննիսյանը ցուցմունքից մի հատված ընթերցեց․ «Ժողովի ժամանակ ելույթ ունեցավ պրոֆեսոր Չարչյանը, ով խոսեց սպասվելիք ԱԺ ընտրությունների մասին, ներկաներին հորդորեց, իսկ հետո նաև պահանջեց առանց բացառությունների գնալ և մասնակցել ընտրություններին, որպեսզի մեր չգնալուց ինչ-որ մեկը չօգտվի և չքվեարկի մեր փոխարեն։ Այնուհետև, պրոֆեսոր Չարչյանը շարունակելով իր ելույթը՝ հայտնեց, որ ինքն ընդգրկված է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի անցողիկ տեղում։․․․ Պրոֆեսոր Չարչյանի խոսքերն ամբողջությամբ հիշել չեմ կարող, բայց ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ ԲԿ-ի աշխատակիցները մասնակցեն ընտրություններին և կատարեն իրենց քաղաքացիական պարտքը։ Շարունակելով իր ելույթը՝ Չարչյանն ասաց նաև, որ ընտրության չգնացած աշխատակիցների նկատմամբ իր վերաբերմունքը բնականաբար փոփոխության կենթարկվի, քանի որ մինչև այդ օրը ինքը իր աշխատողների խնդրանքները չի մերժել, բոլորին լավ ու հարգանքով է վերաբերվել»,-ցուցմունքում վկան նշել էր նաև, որ երբ ինքը COVID-19-ով է վարակվել, Չարչյանը բժշկական օգնություն է ցուցաբերել նրան, «լավություն» է արել։
Դատարանում Նվարդ Բադալյանը հայտարարեց, որ իրեն ցույց տրված օգնությունը որևէ նշանակություն չունի, իր փոխարեն կարող էր մեկ այլ աշխատակից լինել։
«Բայց պարոն Չարչյանը, երբ Ձեզ լավություն է արել, Ձեզ պարտավորեցրե՞լ է․․»,-դատախազի հարցը կիսատ մնաց, վկան միանգամից բացասական պատասխան տվեց։ Դատախազը նշեց, որ քննիչի մոտ վկան այլ բան է ասել, վկան պնդեց իր նախորդ պատասխանը․ «Ես Չարչյանի ելույթը ընկալել եմ որպես պարտադրություն, որ մարդ գնա ընտրությունների»։
Երրորդը վկայություն տվեց 1999 թվականից «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում աշխատող Հասմիկ Մկրտումյանը։ Նա ևս պնդեց, որ Չարչյանի ելույթը իր վրա բացասական ազդեցություն չի ունեցել։ Բացի այդ, վկայի խոսքով՝ Չարչյանը չի նշել, որ իրենք պետք է գնան ընտրությունների և ընտրեն հենց «Հայաստան» դաշինքը, չի ասել նաև, որ պետք չի ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ «Եղել է հորդոր, որ ընտրենք։ Ասել է՝ հաջորդ առավոտը բացվելու է նախորդի նման»։
Դատախազը ևս մեկ հատված ընթերցեց Արմեն Չարչյանի ելույթից․ ««․․․Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության»։ Ասում եք՝ դրական լույսի ներքո է եղել այդ ամենը, այդ դեպքում ինչպե՞ս կբնութագրեք տվյալ արտահայտությունները»։
«Ես մտածում եմ, որ ավելի շատ պարտադրություն եղելա, որ՝ գնացեք և ընտրեք, ոչ թե նստեք տանը։ Ուրիշ բան ես չեմ մտածում»․-ասաց վկան։
«Կոշտ վերաբերմունքի վերաբերյալ» Չարչյանի խոսքերը բուժքույրը չէր հիշում։
Նշենք, որ դատախազ Հայկ Հովհաննիսյանը 3 վկաների համար մեջբերել է նաև Արմեն Չարչյանի հետևյալ խոսքերը․ «․․․Մայր Աթոռի դիրքորոշումը հետևյալն է՝ ներկա իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամեն ինչ և նրանք պետք է հեռանան։ Սա ես ձեզ տեղեկացնում եմ Մայր Աթոռի դիրքորոշումը։ Այսինքն ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։ Ես ձեզ չեմ հորդորում գնացեք քվեարկեք սրան կամ նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»։ Վկաները նշեցին, որ չեն հիշում, չեն կարող մեկնաբանել ԲԿ-ի տնօրենի արտահայտած այս միտքը։
Դատականչված մյուս վկաները չէին ներկայացել նիստին, այդ պատճառով էլ այն հետաձգվեց։
Եվգենյա Համբարձումյան