«Փրկենք Գոշ լիճը». բաց նամակ Բնապահպանության նախարարին. լուսանկարներ

ՀՀ Բնապահպանության նախարար
Արամ Հարությունյանին

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ «ՓՐԿԵՆՔ ԳՈՇ ԼԻՃԸ»

 

Հարգելի Ա. Հարությունյան.

Ս/թ օգոստոսի 27-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամները ճանաչողական նպատակով այցելել են «Դիլիջան» ազգային պարկ (E9` Գոշավանք – Գոշ լիճ երթուղով հասնելով Գոշ լիճ): Այցելության ընթացքում զրուցելով տեղի բնակչության հետ՝ ինչպես նաև մեր դիտարկումների միջոցով, նկատել ենք, որ Գոշ լճում տեղի են ունենում ճահճացման գործընթացներ: Լիճը հանդիսանում է ազգային պարկի էկոտուրիստական կարևորագույն երթուղիներից մեկը: Ցանկանում ենք նշել նաև, որ ճահճացման հետ մեկտեղ կենցաղային աղբի կույտերի սրընթաց ավելացումը շուտով բերելու է այդ գեղատեսիլ էկոերթուղու հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության անկմանը:

 

Դիմում ենք Ձեզ՝ Գոշ լիճը ճահճացումից փրկելու նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու առաջարկով: Խնդրում ենք տրամադրել տեղեկություն նախատեսվող գործողությունների (եթե այդպիսիք նախատեսված են), դրանց ժամանակետների վերաբերյալ:

 

Առաջարկում ենք.

 

ա/ Կազմակերպել քննարկում հիդրոկենսաբանների, բնապահպանների և հասարակական սեկտորի մասնակցությամբ՝ մաքրման աշխատանքների անհրաժեշտությունը պարզելու, արդյունավետ նախագծելու և լճի էկոհամակարգին չվնասելու նպատակով:

 

բ/ Կազմակերպել լճի և շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ և տեղադրել աղբամաններ:

 

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերոհիշյալ խնդրի լուծմանն առնչվող միջոցառումներին մասնակցելու մասին:

 

Հարգանքով՝

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Նամակին միացել են՝
Դիլիջանի Օրհուս կենտրոնը
Էկոլոգիական հասարակական դաշինքը
Համահայկական բնապահպանական ճակատը

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել