«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը վճարովի ավտոկայանատեղերում 48 ժամից ավելի առանց վճարման կայանած ավտոմեքենաները կտեղափոխի հատուկ տարածք: Այս մասին ամրագրված է Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի միջև կնքված պայմանագրում, որն, ինչպես տեղեկացրել էինք, հայտնվել է Իրավաբան.net- ձեռքում:
«Կազմակերպությունը պետք է ապահովված լինի ավտոտրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու համար նախատեսված համապատասխան մեքենա- մեխանիզմներով և օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրի ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդը անվնսա տեղափոխելու և պահպանման համար»,- նշված է պայմանագրում:
Ընդ որում` Երևանի ավագանու 25.12.2012 թվականի N 562-Ն որոշմամբ սահմանված կարգով վարորդներից գումար է գանձվելու ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու և հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի պահպանման համար: