Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մարտի 1-ին կայացավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։
Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։
Նիստի ընթացքում հարցաքննվեց վկա, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանը, ով այժմ ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Տիգրան Նալբանդյանը դատարանում հայտարարեց, որ Չարչյանի հետ բացի գործնական հարաբերություններից, նաև ընկերներ են։ Չարչյանը դիմել է իրեն, ու խնդրել՝ հավաք կազմակերպել։
«Հավաքի ժամանակ Արմեն Չարչյանը հորդոր-խնդրանքով դիմել է կոլեկտիվին, որպեսզի վերջիններս իրականացնեն իրենց քաղաքացիական պարտքը, պասիվ չլինեն և մասնակցեն ընտրություններին։ Այնուհետև մամուլում հրապարակումներ են եղել, որոնք սխալ ենթադրությունների տեղիք են տվել, այնինչ եղել է ընդամենը կոչ, հորդոր, խնդրանք»,-նշեց Նալբանդյանը։
Մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանը հետաքրքրվեց վկայից՝ բոլորն են եղել հավաքին, թե ոչ։ Նալբանդյանը նշեց, որ ոչ, սակայն կոնկրետ չի հիշում, թե ովքեր են մասնակցել։ Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Չարչյանը արձակուրդում է գտնվել։ Դատախազին հետաքրքիր էր՝ նախկինում էլ է Չարչյանն իր արձակուրդի ընթացքում հավաքներ կազմակերպել, հիվանդանոց այցելել։ Նալբանդյանը դրական պատասխան տվեց։ Ըստ նրա՝ նման հավաքներ հաճախ են կազմակերպվում, գրեթե ամեն օր։
«Նախօրեին զանգեց, ասաց՝ ուզում եմ կոլեկտիվի հետ հանդիպեմ, որպեսզի իմ հորդոր-կոչը հնչեցնեմ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։ Կազմակերպել ենք, հավաքվել ենք, հորդորը հնչել է։ Այնուհետև բարիդրացիական հարաբերություններում, տեղի ունեցածը ճիշտ ընկալած բաժանվել ենք իրարից։ ․․․Հիշում եմ, որ Չարչյանը ասաց՝ անկախ ձեր ընտրությունից որևէ ռեպրեսիա, որևէ խնդիր չի լինելու։ Այդքանը հստակ եմ հիշում»,-ասաց վկան՝ պնդելով, որ Չարչյանը որպես տնօրեն չէր անցկացնում հավաքը։
Մեղադրող դատախազը շարունակեց․ «Եթե Ձեր անմիջական վերադասը Ձեզ ասի՝ այս մի բանը չանելու համար Ձեր նկատմամբ անհամարժեք կոշտ վերաբերմունք կլինի, դա ինչպե՞ս կընկալեք»։
Նալբանդյանը նշեց սակայն, որ Չարչյանը իրենց ընկեր է, հարազատ է․ «Նրան ուղղակի ճանաչել է պետք։ Եթե իրեն ճանաչեք՝ կհասկանաք, որ սպառնալիքներ չեն կարող լինել։ Իրեն մենք ընկալել ենք, որպես մեր ավագ ընկեր, ոչ թե որպես տնօրեն»։
Այնուհետև վկային հարցեր ուղղեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նալբանդյանը փաստաբանի հարցերին պատասխանելով դատարանում հայտնեց, որ Չարչյանին ճանաչում է 2014 թվականից։ Իր ընկալմամբ՝ Չարչյանը բարի և պրոֆեսիոնալ մարդ է։ Փաստաբանը հետաքրքրվեց, թե բժշկական հարցերի քննարկման, հավաքների ժամանակ եղե՞լ են դեպքեր, երբ տարաձայնություններ են եղել ու Չարչյանը իր կարծիքն է պարտադրել։ Վկան բացասական պատասխան տվեց։ Ալեքսանյանն այնուհետև հարցրեց․ «Այդ ժողովի ժամանակ եղե՞լ է իրավիճակ, երբ Չարչյանը ասել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին չքվեարկեք, կքվերակեք «Հայաստան» դաշինքի օգտին»։ Տիգրան Նալբանդյանը կրկին բացասական պատասխան տվեց։
Էրիկ Ալեքսանյանը հայտարարությամբ հանդես եկավ ու նշեց, որ մեղադրանքի բովանդակությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում՝ Չարչյանը որևէ արտահայտություն չի արել այն մասին, որ մարդիկ պետք է քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին և չքվեարկեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին․ «Քրեական գործում որևէ ապացույց դրա մասին չի վկայում։ Պարոն Չարչյանը, իր անձնական հատկանիշներից ելնելով, կարո՞ղ էր ինչ-որ մեկին պարտադրել, հանձնարարել, որպեսզի այս կամ այն կուսակցության օգտին քվերակություն արվի, այս կամ այն կուսակցության օգտին քվեարկություն չարվի»։
Վկան կրկին շեշտեց՝ Չարչյանի խոսքն այդ հավաքի ժամանակ վերաբերում էր «քաղաքացիական պարտքը կատարելուն», ընտրություններին մասնակցելուն․ «Ես դա հարկադրանք չեմ ընկալել»։
Նալբանդյանը նշեց նաև, որ հանդիպումը իր ընտրության վրա որևէ ազդեցություն չի ունեցել։
Այնուհետև վկային հարցեր ուղղեց հենց Արմեն Չարչյանը։ Նա նշեց, որ 2014-2020թթ․ եղել են թե՛ խորհրդարանական, թե նախագահական ընտրություններ․ «Ես կոչ արե՞լ եմ, որպեսզի գնաք և մասնակցեք ընտրություններին»։ Վկան պատասխանեց, որ այդ ընթացքում նշանակված և անցկացված ընտրություններից առաջ Չարչյանը կոչեր է արել, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին։
«Երբևէ եղե՞լ է, որ ես կոշտ, ոչ ադեկվատ վերաբերմունք ցույց տամ որևէ աշխատողի նկատմամբ»,-հարցրեց Չարչյանը, ինչին վկան կրկին բացասական պատասխան տվեց։ Նալբանդյանն ավելացրեց, որ ելույթից հետո աշխատողներից որևէ մեկը իրեն չի մոտեցել, դժգոհություն չի հայտնել։
Այնուհետ վկան պատասխանեց դատախազի ևս մի քանի հարցի․ «Նշեցիք, որ բժշկական կենտրոնում կառավարումն իրականցվում է դեմոկրատական սկզբունքներով։ Հիմա մի մեջբերում կատարեմ՝ պարոն Չարչյանի ելույթից մի հատված․ «Հավատացեք, ով չի գնացել ընտրության, ես դիտարկելու եմ որպես իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե այստեղ նստածներից որևէ մեկը չի կատարելու իմ՝ տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, ապա տնօրենը և ամբողջ տնօրինությունը շատ կոշտ վերաբերունք է ունենալու իր նկատմամբ»։ Ինձ կասեք, թե սա ի՞նչ կապ ունի դեմոկրատիայի հետ, ինչպե՞ս եք Դուք սա մեկնաբանում»։
Նալբանդյանը պնդեց՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում դեմոկրատական կառավարում է և Չարչյանի այդ խոսքերը հիվանդանոցի աշխատակիցները ընկալել են որպես կոչ-հորդոր։
«Ես ինչ մեջբերում արեցի, Դուք ասացիք, որ դա այդպես չէ, ես այլ կերպ եմ ընկալել։ Դա պայմանավորված է Ձեր և պարոն Չարչյանի հարաբերություններո՞վ»,-հարցրեց դատախազ Հայկ Հովհաննիսյանը։
«Պայմանավորված է, թե ինչքանով եմ ես ճանաչում Չարչյանին»,-ասաց Տիգրան Նալբանդյանը։
Այնուհետև մեղադրող դատախազը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ դատականչվածների ցուցակում հնարավոր է փոփոխություններ կատարվեն։ Պաշտպանական կողմը դեմ չէր։
Դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշեց նիստը հետաձգել և նոր դատական նիստի օր նշանակել մարտի 16-ը։
Եվգենյա Համբարձումյան