Ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով․ ԱՄԴ

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակում է Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։

Դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է, որ Լաչինի միջանցքը պետք է կապ ապահովի ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի միջև, ինչպես նաև մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։

«Սույն գործով, հաշվի առնելով ժամանակավոր միջոցները, որոնք հայցվել են Հայաստանի կողմից տվյալ գործի հանգամանքներում, դատարանը եզրակացնում է, որ կիրառվելիք միջոցները պարտադիր չէ լինեն նույնը, ինչ հայցված միջոցները։ Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն ձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները՝ անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների անխափան տեղաշարժը ապահովելու համար՝ 2 ուղղություններով»,-նշվում է որոշման մեջ։

Հայաստանի պահանջներից մեկն էր նաև, որ Ադրբեջանը դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը։ Դատարանը գտավ, որ այս պահանջը հիմնավորված չէ։

Գազի և կոմունալ այլ ծառայությունների անխափան մատակարարումը ապահովելու վերաբերյալ դատարանը նշեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ հենց Ադրբեջանն է խաթարում ծառայությունների անխափան մատակարարումը․ «Հետևապես այդ միջոցը կիրառման ենթակա չէ»։

Ուստի դատարանը որոշում է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցը․ «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է նախքան սույն գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու համար մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ 2 ուղղություններով»։

Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝

• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Այսօր կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել