Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո (Էպիկենտրոն՝ պատմ. Մարաշ) մինչ օրս գրանցվել է ավելի քան 3000 հետցնցում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ սպասվող քաղաքական ցնցումները կարող են ավելի ուժեղ լինել.
Երկրաշարժի առաջին օրերին թուրքական մեդիադաշտում շրջանառվում էր այն փաստը, որ թուրքական իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար փոքրաթիվ փրկարարներ են ուղարկում: Ավելին, Թուրքական «T24» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ աղետի հետևանքով տուժածների բարեկամները նշում են, որ Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես Հաթայ նահանգում, արդեն մի քանի օր է, ինչ իրենց հարազատների դիերը փողոցում են. «Դիերը նույնիսկ չեն գալիս տանելու, ստիպված մնում ենք դրանց կողքին, մինչև որ պատասխանտուներից մեկը հայտնվի: Իմ զարմիկի դին արդեն մի քանի օր է ինչ փողոցի մայթերին է, ես ինքս եմ այն ծածկել»,- ասել է Հաթայի բնակիչներից մեկը:
Այս ու նմանատիպ այլ իշխանական գործողություններ արժանանում են նաև ընդդիմադիր գործիչների քննադատությանը: Զորօրինակ Թուրքիայում ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն աղետի գոտում տարվող աշխատանքները համարում է անարդյունավետ, քանի որ դրանք անկազմակերպ են և իրականացվում են առանց իշխանության համապատասխան հրահանգի:
Այսպիսով կարող ենք համարել, որ ոչ պաշտոնական ընտրարշավը սկսված է։ Չնայած երկրաշարժից հետո մեծ թվով մարդիկ սկսել են չվստահել և առավել ևս չհավատալ Էրդողանի այն խոստմանը, թե մոտակա 3 ամսվա ընթացքում երկրաշարժի հետևանքով իրենց տունը կորցրածների համար կկառուցվի 30.000 նոր շենք, Էրդողանը շարունակում է այցելել աղետի գոտի, բազմաթիվ խոստումներ տալ տեղահանված մարդկանց՝ երկրաշարժն ու ավերածությունը կապելով ճակատագրի հետ։
Չհայտարարված ընտրապայքարում ակնհայտ է, որ ներկայիս Թուրքիայի նախագահը դիմելու է ամեն հնարավոր քայլի իշխանությունը վերջին անգամ իր ձեռքում պահելու համար, նույնքան պարզ է նաև այն, որ առաջիկա ընդրություններում նրան դժվար ուղի է սպասվում։
Սակայն, երկրաշարժից հետո ի հայտ եկած «աղետի դիվանագիտությունը» թուրքական իշխանությունների, մասնավորապես Էրդողանի կողմից, կարող են օգտագործվել հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավվման համար, որն էլ իր հերթին կարող է ընտրազանգաված ապահովել։
Հայաստանի և Թուրքիայի միջև «աղետի դիվանագիտության» սկիզբ հանդիսացավ երկրաշարժին հաջորդող օրերին Թուրքիային հղված ցավակցական նոտաները, գրառումները (երկրաշարժի հաջորդ օրը) և իհարկե հեռախոսազանգը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:
Այսպիսով նաև Հայաստանն էր Թուրքիային օգնելու պատրաստակամություն հայտնել: Թուրքիա ուղարկվեց մասնավորապես 27 հոգուց բաղկացած որոնաղափրկարարական ջոկատ։ Իսկ փետրվարի 11-ին «Մարգարա» կամրջով (Հայաստանը Թուրքիայի հետ կապող կամուրջ), որը շուրջ 30 տարի փակ էր, հումանիտար օգնություն սկզբում 5, ապա ևս 2 բեռանատար հումանիտար օգնությամբ (սննունդ, ջուր և առաջին անհրաժեշտության պարագաներ, ընդհանուր 140 տոննա):
Այս դեպքերին հաջորդեցին Թուրքական որոշ գործիչների քննադատական մոտեցումները, սակայն պետական մակարդակով հրապարակային շնորհակալության խոսքեր ուղղվեցին ՀՀ-ին ցուցաբերած աջակցության համար:
Մասնավորապես փետրվարի 15-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միզոյանը մեկնել էր Թուրքիա, որի ընթացքում պլանավորված էր նաև այց Ադըյաման, որտեղ աշխատանքներ են տանում հայ փրկարարները :
Անկարայաում տեղի ունեցավ Հանդիպում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի միջև: Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
«Մեր ժողովրդի համար այս ծանրագույն օրերին Հայաստանը մեզ օգնության ձեռք մեկնեց՝ այսպիսով բացելով նաև հարաբերությունների կարգավորման նոր էջ։ Մենք պիտի աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել էր Չավուշօղլուն:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ ներկայիս իշխանության կողմից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությունը ժողովրդի մի մասի կողմից արժանանում է քննադատության: Մասնավորապես այսպիսի խոսքեր են հնչում իշխանության հասցեին. «Այս օրերին, երբ ադրբեջանը փակել է Արցախ տանող ճանապարհը, որն անցնում է Լաչինի տարածքով, ինչու՞ է Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկում Թուրքիա, այլ ոչ Արցախ», այս ամենին ի պատասխան և որպես բացատրություն առաջ է քաշվում «աղետի դիվանագիտությունը», որն արդեն ստացել է միջազգային ճանաչում. «Հայաստանն օգնում է Թուրքիային առաջնորդվելով մարդկային և հումանիտար նորմերով, այդպես է եղել նաև նախկինում»:
Եվ ահա վերոնշյալ բոլոր իրադարձությունների կիզակետում հայտնված հայ-թուրքական հարաբերությունները արդյո՞ք կարող են նոր՝ բարիդրացիական փուլ մտնել: Հասկանալու համար կարելի է հղում տալ պատմությանը և նաև այն օրինակներին, որոնք բերվում են այսօր՝ բացատրելով ներկայիս գործողությունները:
1999թ-ին ուժգին երկրաշարժ էր եղել Թուրքիայի Իզմիր քաղաքում, որի հետևանքով զոհվել էր շուրջ 17.000 մարդ: Հայաստանը առաջարկել էր մասնագետներից բաղկացած 100 հոգանոց խումբ ուղարկել, սակայն Թուրքիան մերժել էր, քանի որ այդ օրերին, Էրդողանի պնդմամբ, Թուրքիան ի զորու էր իր ուժերով հաղթահարել աղետը: Տասը օր անց Թուրքիան ընդունել էր օգնության առաջարկը, սակայն այս դեպքում միայն 100տ հումանիտար բեռներով ինքնաթիռ ուղարկվեց աղետի գոտի:
Որոշ ժամանակ անց 1999թ-ին ցնցվել էր նաև Թուրքիայի Դյուզջե քաղաքը, զոհվել էր 800 մարդ: Այս անգամ Հայաստանը հումանիտար բեռներին զուգահեռ Թուրքիա էր ուղարկել նաև որոնողափրկարարական ջոկատ:
Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին նախորդել էր 2013 թվականի Վանի երկրաշարժը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 600 մարդ, այս դեպքում էլ Հայաստանը Թուրքիա էր ուղարկել 40տ մարդասիրական բեռ:
Ուստի, եթե նախկինում Թուրքիային օգնության ձեռք մեկնած Հայաստանը մինչ օրս Թուրքիայի հետ չունի բարիդրացիական կապեր և դեռևս հարաբերությունների կարգավորման կարիք ունի, արդյո՞ք այն Հայաստանը, որ վերջերս ևս օգնության ձեռք մեկնեց Թուրքիային, կունենա ավելի լավ հարաբերություններ.
Իհարկե, այս ամենը որոշակիորեն կարող է նպաստել հարաբերությունների կարգավորման հնարավորություններին, բայց չի կարող ապահովել դրանց կարգավորումը: