Հուլիսի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հանրային կառավարման հարցերով խորհրդատու Արմեն Խուդավերդյանի և այդ մարմինների այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային ծառայողների կողմից այլ վճարովի աշխատանք կատարելու սահմանափակումների վերացման ու վերանայման, դրանց նպատակահարմարության, ինչպես նաև դրանցից բխող կառուցակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ մի շարք հարցերին։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն վերոնշյալ փոփոխություններն ընդգրկող օրենսդրական նախագծի նախնական տարբերակը վերամշակելու և հետագա քննարկումները շարունակելու առնչությամբ՝ լավագույն լուծումներին հասնելու համար։
