Սեյրան Օհանյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գույքն ու եկամուտները

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնությունը ԱԺ-ն տվեց փետրվարի 8-ին։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները՝ ըստ ներկայացված հայտարարագրերի։

Սեյրան Օհանյանը, երբ զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2011 թվականին հայտարարագրել է 11,500,000 դրամ։ Այդ տարում նրա եկամուտները կազմել են 7,166,712 դրամ, որը ստացվել է աշխատավարձից և կենսաթոշակից։

2012 թվականին Օհանյանը հայտարարագրել է 14,000,000 դրամ։ Նրա եկամուտները կազմել են 7,166,712 դրամ՝ ստացված աշխատավարձից ու կենսաթոշակից։

2013 թվականին նրա դրամական միջոցներն ավելացել են՝ 16,000,000 դրամ։ Եկամուտի չափն ու աղբյուերները մնացել են նույնը՝ 7,166,722 դրամ։

2014 թվականին դրամական միջոցները մնացել են անփոփոխ՝ 16 միլիոն դրամ, իսկ եկամուտը կազմել է 9,406,478 դրամ՝ կրկին ստացված աշխատավարձից ու կենսաթոշակից։

2015 թվականին Սեյրան Օհանյանը հայտարարագրել է 18,000,000 միլիոն դրամ։ Նրա եկամուտը կազմել է 9,339,602 դրամ։

2016 թվականին՝ Պաշտպանության նախարարի պաշտոնը դադարեցնելիս Օհանյանը հայտարարագրել է 18,000,000 դրամ և պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ եկամուտը՝ 7,004,701 դրամ եկամուտը։

2021 թվականին, երբ Օհանյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը՝ հայտարարագրել է․

  • անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ, որը ձեռք է բերվել 1991 թվականին, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում,
  • 3 հողամաս՝ միանձնյա սեփականությամբ, որոնք ձեռք են բերվել 1991 թվականին, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում,
  • հողամաս՝ միանձնյա սեփականությամբ, որը ձեռք է բերվել 2021 թվականին, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում,
  • 2,718 ռուբլի՝ բանկային հաշվում,
  • 451,000 դրամ՝ ստացված կենսաթոշակից։

Նա հայտարարագրել է նաև տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի իր կողմից տիրապետվող երկու անշարժ գույք՝

  • անհատական բնակելի տուն – Երևան, Աջափնյակ վարչական շրջան,
  • հողամաս – Երևան, Աջափնյակ վարչական շրջան։

2021 թվականի արդեն տարեկան հայտարարագրում Սեյրան Օհանյանը հայտարարգրել է․

  • անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ, որը ձեռք է բերվել 1984 թվականին, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում,
  • հողամաս՝ համատեղ սեփականությամբ, որը ձեռք է բերվել 1984 թվականին, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում,
  • 3 հողամաս՝ միանձնյա սեփականությամբ, որոնք ձեռք են բերվել 1991 թվականին, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում,
  • հողամաս՝ միանձնյա սեփականությամբ, որը ձեռք է բերվել 2021 թվականին, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում,
  • իր կողմից 90 օրից ավելի տիրապետվող՝ անհատական բնակելի տուն – Երևան, Աջափնյակ վարչական շրջան,
  • իր կողմից 90 օրից ավելի տիրապետվող՝ հողամաս – Երևան, Աջափնյակ վարչական շրջան,
  • Toyota մակնիշի ավտոմեքենա (2013 թվականի թողարկում)
  • 8,814,190 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից՝ Ազգային ժողովից և կենսաթոշակից՝ Պաշտպանության նախարարությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15,000 եվրո, 9,990 դոլար։

—————————————

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը 2011 թվականին ոչինչ չի հայտարարագրել։

2012 թվականի նրա եկամուտը կազմել է 1,854,000 դրամ՝ ստացված աշխատավարձերից։

2013-15 թվականներին տարեկան եկամուտը կազմել է 1,698,000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2021 թվականին Ռուզաննա Խաչատրյանը հայտարարագրել է 2009 թ․ թողարկման Lexus մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2009 թվականի դեկտեմբերի 30-ին։ Այս տարում նրա եկամուտները եղել են․

Տարեվերջին Ռուզաննա Խաչատրյանի եկամուտները կազմել են․ 11,222 դոլար, 13,088 եվրո։

 

—————————————

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի ԱԺ նախագահին ներկայացրած միջնորդագրերի համաձայն․

  • Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։
  • Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
  • Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

—————————————

Սեյրան Օհանյանը 1983թ. ծառայության է անցել Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: ԽՍՀՄ զինված ուժերում մոտոհրաձգային դասակի, ապա վաշտի հրամանատար է եղել: 1988թ. տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ եւ նշանակվել Ստեփանակերտի 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատար, ապա գումարտակի հրամանատարի տեղակալի, հրամանատար: 1992 թվականից ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի շտաբի պետ:

1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 1999-2000թթ.՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, 2000-2007թթ.՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, 2007-2008թթ.՝ ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է  ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: 2021թ. հունիսի 20-ի ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Սեյրան Օհանյանը 1999 թվականին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման եւ «Ոսկե արծիվ» շքանշանի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել