«Միֆ է, որ հայ հասարակությունը գիրք չի կարդում»․ գրքի տոն՝ Ազնավուրի հրապարակում

Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ից Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրել է նշելու գրքի տոնը Երևանի սրտում՝ Ազնավուրի հրապարակում:

Ընթանում է «Կարդանք հայերեն» միջոցառումը, որի ընթացքում ներկայացվում են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթները։

Ելույթ են ունենում «Կաթիլ», «Բայ դը վեյ», «Կամի» և Nemra խմբերը։ Ներկայացված են տարբեր հրատարակչություններ՝ իրենց տաղավարներով, որոնցում հայերեն գրքերը հասանելի են մինչև 50 տոկոս զեղչով։

Newmag հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ընթերցողներին են ներկայացնում 5 նոր գիրք, որոնք տաղավարներում 40 տոկոս զեղչով են վաճառվում։

«Վաճառքից գոհ ենք ու շատ հաճելի է, որ մարդիկ մոտենում են տաղավարին ու արդեն գիտեն երեկ հրատարակված գրքերի անունները։ Գալիս են այդ գրքերը միանգամից գնելու։ Կարիք չի լինում նույնիսկ տեսականուն ծանոթացնելու։ Ամեն տարի ավելի ու ավելի ենք համոզվում, որ  գիրք ընթերցողները շատանում են։ Նմանատիպ միջոցառումների շնորհիվ կոտրվում է այն միֆը, որ հայ հասարակությունը գիրք չի կարդում։ Իրականում՝ լավ էլ կարդում են ու մեր վաճառքի ցուցանիշները դրա վառ ապացույցն են»,-նշեց Հարությունյանը։

Միջոցառման մասնակիցներից Անուշ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատահական է իմացել կազմակերպված միջոցառման մասին։

«Տեսա, որ շատ գրքեր են թարգմանվել հայերեն, ինչը շատ դրական է ու ոգևորում է։ Մի գիրք եմ ձեռք բերել, մյուսը ինձ նվիրել են։ Շատ մատչելի են գրքերը։ Հուսով եմ՝ նման միջոցառումները ավելի շատ կլինեն»,-նշեց նա։

Մասնակիցներից Գառնիկ Հարությունյանն էլ ասաց, որ երեկ, Facebook-ից է իմացել միջոցառման մասին․ «Իմացա նաև, որ տեղական հրատարակչություններն են ներկայացված այստեղ, որոշեցի զեղչով գրքեր գնել։ «Էդիթ Պրինտ»-ից Թումանյանի գրքերից մեկն եմ ձեռք բերել»։

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել