Հայաստանում նախորդ տարիների համեմատ սպանության և սպանության փորձի դեպքերը նվազել են։ Այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչության` մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Տոնոյանը։ Նրա կարծիքով՝ կազմակերպված հանցավորության աճի մասին ավելորդ է անգամ խոսել։
-Պարոն Տոնոյան, ինչպե՞ս կգնահատեք Ձեր ղեկավարած վարչության աշխատանքներն անցած տարվա ընթացքում։
-2022թ. ընթացքում ինչպես ամբողջ ՀՀ քննչական կոմիտեի, այնպես էլ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության աշխատանքը կգնահատեմ գերծանրաբեռնված: Եթե խոսենք զուտ թվային տվյալներով, կարող եմ ասել, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2022 թվականին քննվել է 1101 քրեական գործ /վարույթ/, որից 206-ը փոխանցվել է 2021 թվականից, նախորդ տարի քննվել է 796 քրեական գործ, որից 126-ն է փոխանցվել 2020 թվականից: Այսինքն վարույթում քննված քրեական գործերի /վարույթների/ քանակն աճել է 305-ով կամ 38,3 %-ով:
Վարույթի քանակական այս աճն աննախադեպ է, որը, օրենսդրական հայտնի փոփոխություններով պայմանավորված, համոզված եմ, որ դեռ ավելանալու է:
Պարզ վերլուծությամբ ակնհայտ է, որ աճել են ինչպես նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածից փոխանցված, այնպես էլ այդ ժամանակահատվածում վարույթ ընդունված քրեական գործերի /վարույթների/ քանակը:
-Վարույթ ընդունված ո՞ր տեսակի հանցագործություններն են ավելի գերակշռող եղել նախորդ տարի և ինչո՞ւ։
-Վարչության վարույթի գերակշիռ մաս են կազմում մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունները՝ հիմնականում սպանությունները, ինչպես նաև՝ առողջության դեմ ուղղված հանցագործությունները: Վարչությունում քննվել են նաև սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ:
Ինչպես քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մյուս վարչություններում, այնպես էլ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում հիմնականում քննվել են հասարակական մեծ հնչեղություն ունեցող, պետական նշանակության, հանրային անձանց շրջանակների հետ կապված, բարդ, բազմադրվագ դեպքեր, ինչպես նաև այնպիսի դեպքեր, որոնցով մայրաքաղաքային կամ մարզային ստորաբաժանումներում քննության, բացահայտման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։
-Ի՞նչ հանցագործություններ են բացահայտվել 2022թ․ ընթացքում վարչության քննիչների կողմից իրականացված քննությունների արդյունքում։
-2022 թվականի ընթացքում հենց մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում են ավարտվել հանրությանը հայտնի մի շարք գործեր։ Մասնավորապես՝
- «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու,
- Դատաբժիշկ-փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու,
- ՀՀ ՊՆ նախկին ծառայողի կողմից ապօրինի կերպով հրազեններ, դրան համալրող դետալներ պատրաստելու և իրացնելու,
- Զորակոչի ընթացքում խարդախություններ, բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու համար զորակոչիկների ծնողներից խաբեությամբ գումարներ հափշտակելու,
- «Թոխմախի գերեզմանատան» մոտ հրազենների գործադրմամբ կատարված սպանության փորձի, դրան նախորդած՝ անձի առևանգման,
- Երևան քաղաքում պարսկահայ գործարարի՝ առանձնապես խոշոր չափերի շորթման, խմբի կողմից առևանգելու, այնուհետև Արարատի մարզում վերջինիս սպանության,
- Երևանում գործող «Դոն Կիխոտ» ռեստորանի հարևանությամբ հրազենների գործադրմամբ կատարված սպանության և այլ հացագործությունների,
- Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի,
- Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում հանցավոր խմբի կողմից սպանություն նախապատրաստելու և այլ հանցագործություններ կատարելու,
- 2022թ. մայիս-հունիս ամիսներին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների,
- ինչպես նաև այլ դեպքերի վերաբերյալ քննվող քրեական վարույթներ:
-Որո՞նք են մարդու դեմ ուղղված հանցագործությունների նախաքննության որակի, արդյունավետության վրա ազդող գործոնները, կա՞ն որոշակի առանձնահատկություններ։
-Ազդում են բազմաթիվ գործոններ։ Մասնավորապես կցանկանայի խոսել փորձաքննությունների մասին։ Փորձաքննությունների ձգձգումները բացասաբար են ազդում նախաքննության որակի և ժամկետների վրա: Իհարկե հասկանալի է, որ խնդիրը պայմանավորված է փորձագիտական հիմնարկների գերծանրաբեռնվածությամբ։ Սակայն այս ոլորտում ունենք նաև դրական միտում. վերջերս փորձագիտական հիմնարկները սկսել են զինվել ժամանակակից գիտական, տեխնիկական և մեթոդական համալրվածությամբ, ինչը դրական է անդրադառնում քրեական վարույթների նախաքննության վրա: Լուրջ խնդիր է նաև քննիչների ծանրաբեռնվածությունը։
-Վերջին շրջանում նկատելի է դարձել սպանությունների, հրազենի կամ դանակի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը։ Ի՞նչ են ցույց տալիս Ձեզ քրեական վարույթների ուսումնասիրությունները․ որո՞նք են պատճառները։ Արդյո՞ք գործ ունենք հանրապետությունում կազմակերպված հանցավորության աճի հետ։
-Այդ պատկերացումները թյուր են և, թերևս, պայմանավորված են նոր տեղեկատվական միջավայրում արձանագրվող դեպքերի շուրջ երբեմն ավելորդ աղմուկով։ Իսկ իրականում նախորդ տարիների համեմատ սպանության և սպանության փորձի դեպքերը նվազել են, ինչի մասին խոսում են վիճակագրական տվյալները:
Այսպես՝ 2022թ. ընթացքում գրանցվել է սպանության 58 և սպանության փորձի 46 դեպք: Նախորդ տարվա համեմատ սպանությունների դեպքերը պակասել են 2-ով (2021թ.՝ 60), իսկ սպանության փորձերը՝ 1-ով (2021թ.՝ 47):
Սպանության դեպքերից բացահայտվել է 45-ը կամ 77,6%-ը: Գրանցված 46 սպանության փորձերի դեպքերից բացահայտվել է 33-ը կամ 71,7%-ը:
Պետք է նշեմ, որ կազմակերպված հանցավորության աճի մասին ավելորդ է անգամ խոսել, քանի որ դեպքերի ճնշող մեծամասնությունը ունի կենցաղային, միջանձնային դրդապատճառներ։
-Ինչպե՞ս է ազդում հանրային միջավայրում ատելության խոսքը ընդհանուր հանցավորության վիճակի և մարդու դեմ ուղղված հանցագործությունների դինամիկայի վրա։ Եվ այդ պատճառը վերացնելու հարցում իրավապահ մարմինները, մասնավորապես քննչական կոմիտեն, ինչ անելիքներ ունե՞ն։
-Ատելության խոսքը չափազանց լուրջ հանցածին երևույթ է հատկապես մարդու դեմ ուղղված հանցագործությունների առումով։ Շատ հաճախ հաշվեհարդարների պատճառ են դառնում միմյանց հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունները։ Առավել վտանգավոր է, երբ այդ խոսքը գերենացվում է հանրային տիրույթում, որտեղ ինքնազսպման, հանրային պարսավանքի և անհանդուրժողականության բացակայության պատճառով այդպիսի վարքը սկսում է ընկալվել որպես օրինաչափ, սովորական երևույթ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ատելության խոսքը Հայաստանում քրեականացված չէ և այս դաշտում հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիաիրավական տիրույթում։ Սակայն շատ դեպքերում, նաև մենթալիտետի հետ կապված որոշակի առանձնահատկություններից ելնելով, անձինք նախընտրությունը իրավական ընթացակարգերի փոխարեն տալիս են այլ, հարաբերություններ պարզելու հանցածին միջոցների։ Այս իմաստով յուրաքանչյուրը պետք է հոգ տանի հանրային տարածքում ատելության խոսքի դեմ պայքարելու, դրա դեմ լիարժեք անհանդուրժողականություն ցուցաբերելու հարցում։
-Հանրության կողմից երբեմն ազդակներ են հնչում առ այն, որ մարդու դեմ ուղղված և այլ բնույթի առանձնապես ծանր, ծանր հանցագործությունների դեպքերի քննություններն անհարկի ձգձգվում են։ Իսկ ուշացած արդարադատությունը բերում է անպատժելիության ընկալումների խորացման։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում Ձեր վարչության վարույթում գտնվող գործերի քննությունների արդյունավետությունը քննության ժամկետների առումով, և որքանով են ադարացված նման ազդակները։
-Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում, ինչպես նշեցի, հիմանականում քննվում են սպանությունների վերաբերյալ քրեական վարույթներ։ Եվ վարչության աշխատակիցներն անմիջական առնչվում են անձանց կյանքի իրավունքի հետ, իսկ, ինչպես հայտնի է, կյանքի իրավունքը դիտարկում է որպես յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունք և պետության վրա դնում է պարտավորվածություն՝ անել ամեն ինչ որպեսզի մարդու կյանքը չվտանգվի, իսկ սպանության դեպքում, գործը քննվի էֆեկտիվ կերպով։ Դա ամրագրված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ մի շարք միջազգային հռչակագրերով: Այդ իսկ պատճառով մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում աշխատում են բազմամյա փորձ ունեցող պարտաճանաչ և բարեխիղճ ծառայողներ և ունեն պատասխանատու վերաբերմունք ծառայողական պարտականությունների նկատմամբ։ Նրանք իրականացնում են հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի կրճատվի վարույթների քննության ժամկետները և դրանք քննվեն արդյունավետ:
Իսկ ինչ վերաբերում է հանրության կողմից հնչեցրած ազդակներին, ապա այստեղ, քանի որ մենք մեծ մասամբ գործ ենք ունենում մարդկանց էմոցիոնալ և ստրեսային ապրումների, իրավիճակների գերլարվածության հետ, կարծում եմ որ հանրության կողմից հիմնականում նման արձագանքները կրում են ոչ օբյեկտիվ բնույթ։ Դա նույնպես հասկանալի է, սակայն, վստահեցնում եմ, որ մեր քննիչներն անում են ամեն հնարավորը, նախաքննությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ:
-Քրեական դատավարության նոր օրենսգիրքը էական ժամկետային սահմանափակումներ է նախատեսել քրեական հետապնդումների համար, ինչն ստիպում է նախաքննական մարմիններին արագացնել քննությունների տեմպը։ Բացի այդ, կասեցված գործերը պետք է վերսկսվեն և վերջնական որոշումներ կայացվեն դրանցով։ Ի՞նչպես են ազդելու այս հրամայականները վարչությունում գտնվող վարույթների վրա, մտավախություններ չունե՞ք։
-Չնայած վարչությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով՝ պատվով կատարում է իր առջև դրված խնդիրները: Ինչ վերաբերում է կասեցված գործերի վերսկսմանը, ապա պետք է նշեմ, որ այս ուղղությամբ կատարվում է համակարգված աշխատանք՝ կազմվել է վարչության վարույթում առկա գործերի ցուցակ, պլանավորվել է ամսական կտրվածքով վերսկսման վարույթների ցանկ, որոնք ներկայումս իրականացվում են: Բացի այդ, վարչությունում առկա 35 վարույթով 40 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդություններ են հարուցվել, որոնց զգալի մասն արդեն իսկ հսկող դատախազների կողմից բավարարվել է: Այնպես որ՝ ոչ, լուրջ մտավախություններ չունեմ:
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: