Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 9-ի նիստին անդրադարձել էր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը որոշակի նահանջ է գրանցել։
2022թ. Հայաստանի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը 46 միավոր է՝ 100-ից, որտեղ 100-ը շատ մաքուր է, իսկ 0-ն՝ խիստ կոռումպացված։ Նախորդ տարվա համեմատ նվազել է 3 միավորով։ Սա ներկայացված է աշխարհի 180 երկրների/տարածքների մասշտաբով։ Վարչապետը սա որակել է որպես «անհանգստացնող ահազանգ»։
Զեկույցում նշվում է, որ «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բարձր մակարդակներում առկա կոռուպցիան սերտորեն կապված է քաղաքական անկայունության, թուլացած ինստիտուտների, իսկ ծայրահեղ դեպքերում բռնի հակամարտությունների հետ: Երկրորդ ամենացածր միջին գնահատական (35) ունեցող տարածաշրջանում առկա է կոռուպցիայի և ավտորիտարիզմի արատավոր շրջանակ, քանի որ շատ կառավարություններ խաթարում են ժողովրդավարական գործընթացները, ներխուժում քաղաքացիական տարածքի վրա և սահմանափակում լրատվամիջոցների ազատությունները»:
Նշվում է, որ կոռուպցիայի ինդեքսի 50-ից ցածր լինելու դեպքում այդ երկրներում կոռուպցիան հանդիսանում է լուրջ հիմնահարց։
«Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար և հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց արձանագրելու շատ հստակ նպատակադրում ունենք։ Եվ մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք։ Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ, թեկուզ ոչ շատ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,- կառավարության նիստին ասել է վարչապետ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարել այդ ցուցիչը՝ չկա առաջընթաց, ինչն արդեն խնդիր է և անընդունելի: Նրա խոսքով՝ կարելի է արձանագրել նաև, որ այս ցուցիչը մարդկանց ընկալումն է թույլ տալիս, որոնք շփվում են տարբեր պետական մարմինների հետ․ «Պետք է անել այնպես, որ կոռուպցիան կամ հնարավոր չլինի, կամ դրա հնարավորությունները շատ նեղ ու սահմանափակ լինեն»։
Հավելենք, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրում կոռուպցիայի կանխարգելման շրջանակներում նախատեսված է եղել, որ Կոռուպցիայի ընկալման ինդեքսը 2022թ.-ին պետք է հասներ 55-ի, սակայն, ինչպես երևում է, ոչ միայն չի ապահովվել ռազմավարության այս կետի կատարումը, այլև 9 հորիզոնականով զիջել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր։ Ստացվում է, որ ռազմավարությամբ նախատեսված գործողությունների կատարումն ի նպատակ չեն ծառայել։
Օրեր անց՝ փետրվարի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ:
Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման գործընթացը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է հակակառուպցիոն ոլորտում իրականացվելիք նոր ծրագրերի, համակարգերի զարգացման ու օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման ապահովումը: «Այժմ մենք պետք է կենտրոնանանք Հակակառուպցիոն նոր ռազմավարության բովանդակության վրա: Այսօրվա նիստում հնչեցված առաջարկությունները պետք է դառնան ուղենիշ ռազմավարության համար: Հակակառուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքար մղելու մեր կառավարության հանձնառությունը և կամքը որևէ կերպ սասանված չէ անգամ մեկ մի միլիմետր»,-նշել է վարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում որոշում է կայացվել, ՀՀ արդարադատության նախարարի կողմից, ներառական սկզբունքներով ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարություն մշակելու համար: Ռազմավարության մշակման համար վերջնաժամկետ է սահմանվել 2023թ.-ի հուլիսի 1-ը: