Տարեսկզբին Iravaban.net-ը հետաքննություն էր ներկայացրել Երևանում գտնվող տարածքներից մեկի՝ Այվազովսկու 14 հասցեի անշարժ գույքի (ձավարեղենի արտադրամաս՝ 3.45 հա հողամաս և 9300 քմ օժանդակ շինություններ) վերաբերյալ։ Ներկայացվել էր, որ դրա հետ կապված կնքվել են մի շարք կասկածելի գործարքներ: Տարբեր ժամանակներում որպես գույքի գնորդ են հանդես եկել անձինք կամ ընկերություններ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ: Այդ գործարքները կնքվել էին հենց Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿԾ-ում պաշտոնավարման տարիներին։
Այվազովսկու 14 հասցեում գտնվող գույքը դեռևս 1999 թվականից պատկանել է Արմեն Ստամբոլցյանին։ Iravaban.net–ի հետ զրույցում նրա շահերը ներկայացնող փաստաբան Լուսինե Զեյնալյանը նշում է, որ գույքը գրավադրվել է «Նոր տուն» ՍՊԸ-ի օգտին այն ժամանակ Հայաստանում գործող «ԲՏԱ Բանկ»-ում։ «Այժմ բանկը չի գործում, իսկ իրավահաջորդը «Հայէկոնոմբանկ»-ն է։ Նշեմ նաև, որ «ԲՏԱ բանկից» «Հայէկոնոմբանկ»-ը պահանջների իրավահաջորդությունը չի ստացել, այսինքն պահանջատեր չի դարձել», – մանրամասնում է փաստաբանը։
Լուսինե Զեյնալյանի խոսքով՝ «Նոր տուն» ՍՊԸ-ն չի կատարել իր պարտավորությունները բանկի նկատմամբ։
Այնուհետև, 02.09.2014 թվականին Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, դիմում է ներկայացրել դատարան՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Դատարանի 24.11.2014 թվականի վճռով Արմեն Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
«Սնանկության վարույթի շրջանակներում դատարանի որոշմամբ գույքը դրվել է աճուրդով վաճառքի՝ պահնաջատերերի պահանջները բավարարելու նպատակով, մինչդեռ ԴԱՀԿԾ-ն՝ շրջանցելով օրենսդրական բոլոր կարգավորումները, սնանկության վարույթից դուրս, զուգահեռ աճուրդներ է սկսել անցկացնել։ Սա օրենքի ուժով անթույլատրելի է եղել, քանի որ «Նոր տուն» ՍՊԸ-ի սնանկության գործընթացի արդյունքում ՍՊԸ-ն 2014 թվականին արդեն լուծարվել է։ Այս գործընթացին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև գործարքները հաստատող նոտարը, որը, չնայած անշարժ գույքի պետական գրանցում իրականացնող Կադաստրի կոմիտեի տրամադրած միասնական տեղեկանքում սնանկության վերաբերյալ գրառման առկայությանը, շարունակել է անօրինական գործողություններ կատարել։ Գույքը 2017 թվականին կայացած աճուրդում 5,5 մլն դրամով ձեռք է բերել Արա Հակոբյանը, որը կապ է ունեցել Միհրան Պողոսյանի հետ։ Սա այն դեպքում, երբ նշված գույքը նախնական գնահատմամբ արժեցել է 1 միլիարդ դրամ», – ներկայացնում է փաստաբանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Արա Հակոբյանը 07.05.2018 թվականից զբաղեցնում է «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է Էդուարդ Հարությունյանը, ով նաև «Բեսթ ռեալթի» ՍՊԸ տնօրենն է: Այս երկու ընկերությունները («Բեսթ ռեալթի» ՍՊԸ և «Կեչառիս հոթել» ՍՊԸ) փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ: Դեռևս 2019 թվականին Հատուկ քննչական ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:
Փաստաբանի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո Արմեն Ստամբոլցյանը մտածել է, որ միգուցե որևէ բան փոխված լինի ու 2020 թվականի փետրվարի 6-ին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն, ինչի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որն այժմ գտնվում է դատախազության հսկողության ներքո։
«ԱԱԾ-ն, ըստ տարածքային ընդդատության, գործն ուղարկում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն։ Այնուհետև գործը հասնում է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Այստեղ գործընթացը ձգձգվում է։ 2020 թ․ դեկտեմբեր ամսին դատախազությունից գրություն է ստացվել, որ հունիս ամսին կայացված որոշումը՝ քրեական գործը չհարուցելու մասին, պետք է վերացվի։ Այսինքն պարզվել է, որ հունիսին վարույթը կարճվել է, սակայն վարույթը կարճելու վերաբերյալ այդ որոշումը մենք չենք էլ ստացել։ Գործը նորից մնում է Մաշտոցի բաժնում»,-նշում է Լուսինե Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ շուրջ մեկ տարի անց, տարբեր դիմումների ու բողոքների արդյունքում գործը նորից գնացել է դատախազություն։ «Գլխավոր դատախազությունն էլ որոշել է, որ գործն ըստ ընդդատության պետք է լինի ՔԿ Երևան քաղաքի ծանր հանցագործությունների վարչությունում»,-նշում է փաստաբանը։
Արմեն Ստամբոլցյանի ներկայացրած հաղորդման և դրա ճակատագրի վերաբերյալ, ի պատասխան Iravaban.net-ի գրավոր հարցման, Գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ «Արմեն Ստամբոլցյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը (վարույթը) գտնվում է նախաքննության փուլում, նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, որևէ անձի նկատմամբ մինչ օրս հանրային քրեական հետապնդում հարուցելու, տուժող ճանաչելու մասին որոշումները չեն կայացվել»։
«Մենք մի շարք փաստեր ենք ներկայացրել քննիչին, ինչը հնարավորություն կտար նրան քննել գործը, բայց դա չի արվել։ Գործում դրվել է արդեն չգործող քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածը՝ հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը։ Սա առհասարակ կապ չունի այս ամենի հետ։ Հիմա էլ վերաորակում չունենք։ Հարկադիր մարմնի նկատմամբ կատարված որևէ հստակ գործողություն չունենք։ Որևէ մեկին կարգավիճակ չի տրվել։ Գործը քնած է․ մեկ տարուց ավել է արդեն։
Հույս ունեմ, որ գործը կքննվի Հակակոռուպցիոն կոմիտեում, որպեսզի մեղադրանքներ առաջադրվեն պաշտոնատար անձանց։ Եվ սա այն դեպքում, երբ քննիչը տնտեսական հանցագործություն է քննում, տալիս ենք իրեն մի շարք փաստեր, բացատրում, որ այս ու այն մարդիկ են, փաստաթղթերով հիմնավորում ամենը, որ տես՝ այս գործարքին սա է հետևել, հետո սա, հետո նա, ու հետևաբար բոլորը փոխկապակցված են, պետք է հարցաքննել նրանց, չի արվում»,-մանրամասնում է Լուսինե Զեյնալյանը։
Հավելենք, որ փետրվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստին վարչապետը կարևորել է գերատեսչությունների, այդ թվում Գլխավոր դատախազության կողմից մամուլում ներկայացված կոռուպցիոն բնույթի հրապարակումների վերաբերյալ պատշաճ հետաքննության իրականացումը:
—————————
Այս գործից բացի, հարկ է հիշեցնել նաև, որ Այվազովսկու 14 տարածքւ հետ կապված Արա Հակոբյանը ՀՀ դատարաններ մի քանի հայց է ներկայացրել, որոնք ընթացքի մեջ են։
Հայց առաջին (վարչական դատարան). 14.12.2021 թվականին Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի։ Արա Հակոբյանը պահանջում է անվավեր ճանաչել գույքի նկատմամբ 10.12.2021թ. գրանցվա «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը և Կադաստրի կոմիտեին պարտավորեցնել գույքի նկատմամբ գրանցել Արա Հակոբյանի սեփականության իրավունքը։ Գործով դատավոր է Ելենա Առաքելյանը:
Հայց երկրորդ (քաղաքացիական դատարան). 29.12.2021 թվականին Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ընկերության՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեի գույքի՝ 28.12.2018 թվականի աճուրդը ճանաչվի չկայացած, և դրա հիման վրա անվավեր ճանաչվի «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը գույքի նկատմամբ։ Գործով դատավոր է Սերգեյ Սահակյանը:
Հայց երրորդ (քաղաքացիական դատարան). 20.12.2021 թվականին Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ընկերության՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեի գույքի՝ 28.12.2018 թվականի աճուրդը ճանաչվի անվավեր, և դրա հիման վրա անվավեր ճանաչվի նաև «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը գույքի նկատմամբ։ Գործով դատավոր է Երեմ Եսոյանը:
—————————
Հիշեցնենք նաև, Գլխավոր դատախազությունից 2022 թվականի դեկտեմբերի 23-ին հայտնել են, որ հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ է կայացրել 2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Բ.-ն և Է.Ս.-ն օժանդակել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն:
Արդյունքում, գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է.Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22 մլն 117 հազար 820 դրամ առանձնապես խոշոր չափերով գումար, իսկ Հ.Բ.-ի դեպքում՝ 21 մլն 754 հազար 643 դրամ:
2022 թվականի դեկտեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշումները մեղադրանք ներկայացնելու նպատակով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
2022 թվականի մայիսի 20-ին, որոշում է կայացվել նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ին ներգրավել որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, հինգ առանձին դեպքերում վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք, չարաշահել, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, և օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
2019 թ․ ապրիլի 20-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից Կարելիայի Հանապետությունում և ձերբակալվել։ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ապրիլի 23-ին ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:
2019 թ․ օգոստոսի 17-ին Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: