Շնորհակալություն Հայաստան․ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գրառումները

ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Թվիթերի իր էջում շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանից ստացված հումանիտար օգնության համար։

«Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, հարգելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,-գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է․ «Բացի 28 հոգանոց փրկարարական թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդի կողմից 5 բեռնատարներ՝ լցված 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով, անցնելով Ալիջանի սահմանային դարպասով, մեկնել են Ադըյաման։ Շնորհակալություն Հայաստան»։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ փետրվարի 11-ին, Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։

————————

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Նույն օրը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ 10-11 բալ ուժգնությամբ։

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։

Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել