Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած:
Այս մասին գրում է Anadolu-ն։
Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի՝ փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին: Այն տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն): Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: 6,5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Գազիանթեփում։ Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության:
Նշվում է, որ թուրքական Կարմիր մահիկի աշխատակիցները օգնություն են ցուցաբերում երկրաշարժից տուժածներին։ Նրանք երկրաշարժից անմիջապես հետո օպերատիվ խորհրդակցություն են անցկացրել ճգնաժամային կենտրոնում։ Մարդասիրական օգնություն, մասնավորապես վրաններ և պարենային ապրանքներ ուղարկվել են երկրաշարժից տուժած շրջաններ։ Կազմակերպության կամավորներն ու աշխատակիցները տեղում օգնություն են ցուցաբերում կարիքավորներին։
Թուրքիայի տարբեր քաղաքներում երկրաշարժի հետևանքով 100-ից ավելի շենք է ավերվել: