Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-նշել է նա։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։
————————
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Նույն օրը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ 10-11 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հետևել են հազարավոր հետցնցումներ։
Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։
Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար: