Անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Սպահան նահանգում, հունվարի 28-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ԱԹՍ-ները, փոխանցում է Mehr-ը։
Իրանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հարձակումը ձախողվել է․ «ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել»։
Դեպքի հետևանքով տուժածներ չկան, թեթև վնասվել է գործարանի տանիքը։ Իրանի ՊՆ-ն հավելել է, որ հարձակումից հետո գործարանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։