Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատվիրակությունը Հայաստանում (ֆոտոշարք)

Օգոստոսի 27-ին Հայաստան այցելեց Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատվիրակությունը՝ նույն դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լևան Մաչավարիանիի գլխավորությամբ:

 

Այցի վերաբերյալ նախապես համաձայնություն էր ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու հանդիպման ընթացքում: Նպատակը` երկու երկրների ոստիկանական կառույցների գործընկերության հետագա սերտացումն է, երկու կողմի հաջողված փորձի փոխանակումը:

 

Հայ ոստիկաններին հետաքրքրել էր Վրաստանի պարեկային ոստիկանության մոդելը, իսկ վրացական կողմին՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության կառուցվածքում ստեղծված նոր ստորաբաժանման` հատուկ գումարտակի գործունեությունը:

 

ՀՀ ոստիկանության ղեկավարության հետ մի շարք հանդիպումներից հետո վրացական պատվիրակության անդամները այցելեցին Պարեկապահակետային գունդ:

 

Փորձի փոխանակման շրջանակներում վրաց գործընկերները հանդիպեցին պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի ղեկավար կազմի ու ծառայողների հետ, ծանոթացան ստորաբաժանման կառուցվածքին, անձնակազմի ընտրության չափորոշիչներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, աշխատանքի նորագույն եղանակներին:

 

Լևան Մաչավարիանին և նրան ուղեկցող անձինք այցելեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ հանդիպում ունեցան վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ: Ապա ծանոթացան «102» օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքին: Վրաստանի ՆԳ նախարարության կառուցվածքում գործող համանման կենտրոնը հայ և վրաց իրավապահներին թույլ տվեց որոշակի զուգահեռներ տանել և քննարկել այս ոլորտում ևս փոխգործակցության խորացման հնարավորությունները:

 

Գործնական ու արդյունավետ էր նաև հանդիպումը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում:

 

Այցի շրջանակներում Վրաստանի ՆԳՆ պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ու եղան Ցեղասպանության թանգարանում, Մատենադարանում, հյուրընկալվեցին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:

 

Լուսանկարները՝ Police.am

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել