Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է։ Այս մասին այսօր` հունվարի 18-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսում։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ առանց Բաքվի համաձայնության ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կարող է անարդյունավետ լինել:
«Չնայած մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ առաքելությունը (ՀԱՊԿ) պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, որ այնտեղ քաղաքացիական դիտորդների երկարաժամկետ առաքելություն տեղակայվի։ Չպետք է մոռանալ, որ առաքելությունը տեղակայվելու է Ադրբեջանի սահմանին, և եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, առաքելության տեղակայումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ավելորդ լարվածություն ստեղծել»։