Ամուսնությունը երկու անձանց` տղամարդու և կնոջ ցանկության և կամքի վրա հիմնված միություն է:
Աշխարհում գոյություն ունեն ամուսնության կնքման տարբեր ձևեր: Առավել տարածված են ամուսնության պետական կարգով գրանցման և եկեղեցական արարողության միջոցով կնքման եղանակները:
Մինչդեռ քիչ չեն նաև այսպես կոչված «քաղաքացիական ամուսնության» դեպքերը:
Այժմ տեսնենք, թե, կախված կնքման եղանակից, ինչպիսի իրավական հետևանքներ կարող է առաջացնել ամուսնությունը տարբեր երկրներում:
Ներկայացնենք մի քանի երկրների օրենսդրությունը և պրակտիկան:
Հունաստանում, օրինակ, ամուսնության պետական գրանցում, որպես այդպիսին, գոյություն չունի:
Այս երկրում ՔԿԱԳ (Քաղաքացիական կացության ակտերի գրանման մարմին) մարմնի գործառույթը կատարում է եկեղեցին: Դա է պատճառը, որ հույները կամ եկեղեցով ամուսնանում են կամ ապրում են քաղաքացիական ամուսնության մեջ:
Եկեղեցով ամուսնությանը հույները շատ լուրջ են վերաբերում: Մասնավորապես. նախապես պատրաստում են համապատասխան փաստաթղթեր, կատարում վճարումներ: Եկեղեցով հույները կարող են ամուսնանալ միայն այն դեպքում, եթե կնքված են(ի դեպ հայերը նույնպես):
Հատկանշական է այն, որ կինը ոչ մի կերպ չի կարող վերցնել ամուսնու ազգանունը:
Ամուսնալուծվել Հունաստանում գրեթե անհնար է:
Մարոկկոյում ևս ամուսնության արարողությունն առավելապես կրոնական և եկեղեցական արարողություն է. համաձայն մուսուլմանական ավանդույթների` արարողությունը սկսվում է Ղուրանի ընթերցմամբ, որը կատարվում է բացառապես դրա համար առանձնացված սրահում:
Ամուսնալուծությունը ևս այս երկրում բարդ ընթացակարգ է:
Ինչպես վերը նշված երկրներում, Հնդկաստանում ևս ամուսնությունը կատարվում է կրոնական արարողակարգերով:
Հնդկաստանում ամուսնությունը վերածվում է գույների հրավառության:
Հարսի և փեսայի շորերի ծայրերը կապում են իրար, և նրանք պտտվում են սուրբ կրակի շուրջը` դրանով հավաստելով ամուսնության կնքումը:
Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում:
«Հայաստանում ամուսնությունը, որպես քաղաքացիական կացության ակտ, ենթակա է պետական գրանցման: Գրանցումն իրականացվում է ամուսնացողների և/կամ նրանցից մեկի գրանցման (բնակության) վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը:
Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:
Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում:
Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը:
«Բացի պետական գրանցումից, Հայաստանում ևս ընդունված է ամուսնությունը եկեղեցական արարողությամբ կատարելու ավանդույթը, մինչդեռ պետք է իմանալ, որ միայն եկեղեցով կատարված ամուսնությունը Հայաստանում չունի իրավաբանական ուժ և որևէ իրավական հետևանքներ չի կարող առաջացնել»,- նշում է իրավաբանը: