Նույն գույքի վերաբերյալ առկա է 3 դատական գործ․ Այվազովսկու 14 հասցեի տարածքի գործով նիստերից մեկին

«Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչվի՝ կիրառելով անվավերության հետևանքները։

Նշենք, որ Iravaban.net հետաքննություն  է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։

Այսօր՝ հունվարի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Էրեբունի» նստավայրում տեղի է ունեցել նշված գործով նախնական դատական նիստ, որով պատասխանող են գույքի աճուրդը կազմակերպած սնանկության կառավարիչ Հ. Սողոմոնյանը և «Արնդանե» ՍՊԸ-ն, իսկ որպես երրորդ անձ են ներգրավված Երևանի քաղաքապետարանը և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։

Iravaban.net-ի լրագրողը նիստի սկզբում դիմեց դատարանին՝ նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու թույլտվություն ստանալու համար, սակայն հայցվորի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին, պատասխանողները՝ կողմ։ Դատարանը, դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ, թույլ տվեց դատական նիստի տեսանկարահանումը՝ սահմանափակումներով։

Այսպիսով, առաջին հարցը, որը քննարկվեց նիստի ընթացքում վերաբերում էր գործի ընդդատությանը։ Հայցվոր կողմի ներկայացուցիչ Լյուդվիգ Դավթյանը գտնում է, որ գործը պետք է քննի Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը։ Սնանկության գործով կառավարչի և «Արնդանե» ՍՊ ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ գործի քննությունը պետք է կատարի Սնանկության դատարանը։ 

«Արնդանե» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ներսես Աղաբաբյանը վկայակոչեց «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածը․ «Եթե գործը վերաբերում է սնանկ ճանաչված անձի իրավունքներին և պարտականություններին, ապա այն քննվում է Սնանկության դատարանում, որպես առանձին քաղաքացիական գործ։ Այս դեպքում հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել սնանկության կառավարչի և «Արնդանե» ընկերության միջև կնքված գործարքը, որով գումարներ են փոխանցվել, գումար է վճարվել սնանկության կառավարչի հաշվին։ Դատարանը չի կարող պարզապես անվավեր ճանաչել գործը, դատարանը պարտավոր է նաև անդրադառնալ  անվավերության հետևաքներին։ Գործի նման ելքի դեպքում սնանկ ճանաչված Արմեն Ստամբոլցյանին վճարված գումարը (շուրջ 270 մլն դրամ) պետք է վերադարձվի «Արնդանե» ընկերությանը»։

Դատարանը, հաշվի առնելով այն, որ գույքը այլևս չի գտնվում սնանկության գործով պարտապանի գույքի կազմում, այս դեպքում կիրառելի չհամարեց «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները․ «Հետևաբար, տվյալ գործին դատարանը անդրադառնում է և գտնում է, որ չկա ընդդատության կանոնների խախտում։ Գործի քննությունը պետք է շարունակվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում»։

Դատավոր Եսոյանը պարզաբանեց․ եթե հայցվորի հայցը բավարարվի, ապա «Սնանկության մասին» օրենքը հստակ սահմանում է մնացյալ բոլոր հարցերը, այդ թվում՝ «Արնդանե» ՍՊ ընկերության վճարած գումարների վերադարձը։

Այնուհետև դատավորը հետաքրքրվեց՝ կողմերը հաշտության համաձայնություն ցանկանո՞ւմ են կնքել։ Հայցվոր կողմի ներկայացուցիչ Լյուդվիգ Դավթյանի խոսքով՝ իրենք հաշտության համաձայնությունից չեն խուսափում․ «Եթե կողմը համաձայնի որոշակի պայմանների շուրջ, մենք չենք բացառում հաշտության համաձայնությունը։ Մի քանի փորձ արվել է, սակայն այս պահի դրությամբ չկա նման իրական հնարավորություն»։

Սնանկության կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ներկայացուցիչ Արթուր Ապիկյանը նշեց՝ եթե առաջարկ լինի, պատասխանող կողմը պատրաստ է քննարկել։ «Արնդանե» ՍՊ ընկերության ներկայացուցչի խոսքով՝ առարկայական քննարկման համար համաձայնության գալու առաջարկ չկա։

«Նախկինում եղել են քննարկումներ, հնարավորությունը չի եղել հաշտության գալ։ Այս պահին մի քանի դատական գործեր կան նույն գույքի հետ կապված։ Կարծում եմ՝ դժվար կլինի հաշտության եզրեր գտնելը»,-ասաց Աղաբաբյանը։

Դատավոր Երեմ Եսոյանը հիշեցրեց՝ Քաղաքացիական օրենսգրքի պահանջն է, որ դատարանը քննարկի հաշտարարություն նշանակելու հարցը։ Այն կարող է նշանակվել ինչպես կողմերի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի որոշմամբ։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Լյուդվիգ Դավթյանը խոսքում նշեց՝ պետք չէ սպասել առաջարկների, դրանք կարող են նաև պատասխանող կողմը ներկայացնել։

«Դատարանը խրախուսում է ցանկացած գործ, ինչպես նաև այս գործը հաշտության համաձայնությամբ եկած փուլում կողմերը կարող են կնքել հաշտության համաձայնություն, կազմել դրա տեքստը և ներկայացնել դատարան։ Եթե այն չհակասի գործող օրենսդրությանը և այլ անձանց շահերին, կհաստատի հաշտության համաձայնությունը։ Դատարանն այս պահին իր նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու իրավունքը չի կիրառի»-նշեց դատավոր Եսոյանը։

Ներսես Աղաբաբյանը դատարանում նաև հայտնել էր, որ նույն անշարժ գույքի վերաբերյալ տարբեր գործեր կան, որոնք քննվում են դատարաններում։ Դատավորը հետաքրքրվեց՝ կա՞ն գործեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ այս գործի վարույթը կասեցնելու, առանց քննության թողնելու կամ կարճելու համար։

«Հարգելի դատարան, ես ներկայացրել էի նաև այս գործի կարճման միջնորդություն։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի հայցվորը հայցի հիմքն ու առարկան ներկայացնի։ Իմ ներկայացրած կարճման միջնորդությունը վերաբերում էր այն հանգամանքին, որ հայցվորը չարաշահում է հայցադիմում ներկայացնելու իր իրավունքը և գործով շահագրգռված անձ չի հանդիսանում։ Դա կարելի է կարճման հիմք դիտարկել», – ասաց Աղաբաբյանը։ 

Նույն գույքի վերաբերյալ առկա է 3 դատական գործ. Մի գործով հայցվորը պահանջում է աճուրդը, որի միջոցով ձեռք է բերվել անշարժ գույքը, ճանաչել չկայացած։ Այս գործով՝ անվավեր ճանաչել նույն աճուրդը և դրա հիման վրա կնքված գործարքները, իսկ վարչական դատարանում Արա Հակոբյանը պահանջում է անվավեր ճանաչել գույքի նկատմամբ «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը և պարտավորեցնել կադաստրին գույքի նկատմամբ գրանցել Արա Հակոբյանի սեփականության իրավունքըանշարժ գույքի աճուրդը։

Հայցվորի ներկայացուցիչ Լյուդվիգ Դավթյանի խոսքով՝ այս գործի քննությունը կասեցնելու հիմքեր չկան․ «Մենք գտնում ենք, որ կասեցման է ենթակա աճուրդը չկայացած ճանաչելու պահանջով գործը, ոչ թե այս գործը։ Ինչ վերաբերում է վարչական դատարանում առկա գործին, այն հանրային իրավական վեճ է և ներկայացված է Կադաստրի կոմիտեի դեմ։ Մենք գտնում ենք, որ առկա է նաև պետական գրանցման իրավաչափության խնդիր։ Թվարկված գործերից որևէ մեկը չի կարող հիմք հանդիսանալ այս գործի վարույթը կասեցնելու համար»։

Այնուհետև դատարանն անցավ նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերի շրջանակը պարզելու դատավարական գործողություններին։ Այս փուլում դատարանը գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը և գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը։

Կողմերը մեկ շաբաթ ժամանակ խնդրեցին՝ այս հարցերի վերաբերյալ դիրքորոշումը գրավոր ձևով ներկայացնելու համար։ Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 24-ին, ժամը 14։00-ին։

 

———————————

Այվազովսկու 14 տարածքի վաճառաքի համար ԴԱՀԿ-ի կողմից շուրջ 70 աճուրդ է հայտարարվել: Դրանցից մեկում է (2016 թ-ի դեկտեմբերի 26-ին), որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրեն Արա Հակոբյանը հաղթող է ճանաչվել։ 2017 թվականի հունվարի 9-ին էլ կնքվել է առքուվաճառքի պայմանագիրը։ Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ Արա Հակոբյանը չի վճարել հողի կադաստրային արժեքը, ինչն էլ խոճընդոտել է գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքի գրանցմանը։

Հարկ է նշել, որ հայցվոր Արա Հակոբյանի անունը փոխկապակցվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը Էդուարդ Հարությունյանն է, ով զբաղցրել է ««Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը։ Դեռևս 2019 թվականին Հատուկ քննչական ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝  2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել