«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, այդ թվում՝ օրենքի 26-րդ հոդվածում, որով սահմանված են, թե ով է ուսուցիչը, նրա վերապատրասման, ատեստավորման և տարակարգի շնորհման դրույթները։
Iravaban.net-ը հայտնում է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել հունվարի 1-ից։ Այսպիսով․
1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:
2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև`
1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.
2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը` աշխատանքի ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով):
4. Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:
5. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
6. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:
8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
9. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:
10. Հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:
11. Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման:
12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար:
13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:
14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:
15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
16. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:
17. Սույն օրենքով սահմանված կարգերով ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:
18. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է և շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան:
19. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից:
20. Ուսուցչի տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ` պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):
21. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.
2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:
22. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:
23. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու և 5 տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար:
24. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
25. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը:
26. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են:
27. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին: