Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։
«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշեց պետդեպի խոսնակը։
Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասաց. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի ավելի քան 120 հազար բնակչությունը:
Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։ Բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Դեկտեմբերի 19-ին Արցախում մեկ քաղաքացի մահացել էր, քանի որ ճանապարհի փակ լինելու պատճառով նրան չէին կարողացել Հայաստան տեղափոխել պատշաճ բուժումը կազմակերպելու համար: