Ռուսաստանի Դաշնության արտքաին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ռուսական կողմը մտահոգված է այն հանգամանքով, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի բացման գործում ոչ մի առաջընթաց չկա։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Մտահոգություն ենք հայտնում երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի, Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության»,-ասել է Զախարովան։
Զախարովան նշել է, որ ռուսական կողմը, մասնավորապես՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար։
«Մենք շեշտում ենք, որ հենց ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում, ինչը արձանագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովում։ Ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք մեր խաղաղապահների դեմ մենք համարում ենք անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք շոշափելի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-նշել է նա։
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Բաքվին և Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները։
«Մենք կողմ ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջական և համապարփակ իրականացմանը, որոնք ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և հասարակական գործիչների միջև կապերի հաստատմանը»,-եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։ Ճանապարհը 17 օր է փակ է։