Հունվարի 25-ից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ նախկին 2-ի փոխարեն:
Հունվարի 24-ից Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը: Որոշվել է, որ կուտակված գազն այսուհետ կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգնումը:
Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:
Օպերատիվ շտաբը կոչ է արել բոլոր քաղաքացիներին՝ ստանալ պարենային հինգ ապրանքատեսակների վաճառքի կտրոնները, որպեսզի մատակարարումները կատարվեն համապատասխան սահմանաչափերով:
Արցախի պարենային խանութներում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառված են:
Էլեկտրամատակարարման համակարգի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառով ցանցում ավելանում է վթարների թիվը:
Հունվարի 23-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ:
Հունվարի 9-ին Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:
Այս համատեքստում կարևորվել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Նշվել է, որ արդեն մշակվել են համակարգի ներդրման մեխանիզմները: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ներկայում իրականացվում են տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ՝ առաջիկա օրերի ընթացքում կտրոնային համակարգի անցնելու համար:
Հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագի ժամանակ անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը։
«Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքները այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին»։
Դեկտեմբերի 29-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ևս հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ։
«Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»,-ասված է հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Եթե Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։
․․․Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը: Բայց մեզ համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը: Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պիտի սերտորեն աշխատենք Ռուսաստանի Դաշնության և մեր մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար: Պիտի նաև վերահաստատեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը»:
Դեկտեմբերի 28-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Դեկտեմբերի 28-ին հայտարարվեց, որ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ սահմանել։ Որոշումն ուժի մեջ մտավ դեկտեմբերի 29-ին՝ 13։00-ին, որի համաձայն՝
Որոշման համաձայն՝
1. Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 15-ից ավելի անձանց մասնակցությամբ տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների կազմակերպումը և անցկացումը։
2. Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 35-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը։
3. Սույն Սահմանափակումների 1-ին և 2-րդ կետերը տարածվում են նաև հանրային սննդի կազմակերպիչների կողմից հանրային սննդի օբյեկտներից դուրս (սպառողի կողմից ընտրված վայրում) հանրային սննդի ծառայությունների մատուցման վրա:
4. Արգելվում է հանրային սննդի օբյեկտների գործունեությունը ժամը 23։00-ից հետո։
5. Սույն Սահմանափակումների իմաստով հանրային սննդի օբյեկտներ են համարվում ռեստորանները, հանդիսությունների սրահները, ինչպես նաև հյուրանոցներին, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտները։
Արցախի տեղեկատվական շտաբից դեկտեմբերի 27-ին հայտնեցին, որ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկը, ով դեկտեմբերի 24-ին տեղափոխվել էր Հայաստան, շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում և վիճակը կայունանում է: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի դեկտեմբերի 27-ի հաղորդագրության՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ, հասցվել է Արցախ։
Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ համաժողովրդական հանրահավաք։
Դեկտեմբերի 23-ին մի խումբ արցախցիներ Ստեփանակերտից շարժվել են դեպի Շուշի՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն արգելափակած բնապահպան ներկայացող ադրբեջանցիների կեղծ պնդումներին հակափաստարկներ ներկայացնելու նպատակով: Ռուս խաղաղապահ զորակազմի անցակետում նրանց ասել են, թե ճանապարհը բացելու համար ներկայում բանակցություններ են ընթանում, իսկ նման նախաձեռնությունները կարող են սրել իրավիճակը:
Դեկտեմբերի 13-ի երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտն այն համարեց «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։ Գազամատակարումը վերականգնվեց դեկտեմբերի 16-ին։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշեց, որ այն վերականգնվել է միջազգային ճնշման արդյունքում։
Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։ Ճանապարհը 45 օր է փակ է։
Ավելի քան 120 հազար արցախահայեր, այս թվում՝ շուրջ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից։