ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընթանում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցի քննարկումը։
Ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը։
«Մեզ մտահոգում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ըստ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության Լաչինի միջանցքը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի հսկողության տակ է գտնվում։ Կարևոր է նշել այն, որ երբ ստորագրվեց այդ հայտարարությունը կողմերը հանձնառություններ վերցրեցին, որոնց պետք է խստիվ հետևել՝ երաշխավորելով, որ որևէ խնդիրներ կամ դժվարություններ չեն ներկայացվում քաղաքացիական բնակչությանը։
Մենք ակնկալում ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունը մոտ ապագայում պետք է վերականգնվի։ Ռուսաստանյան կողմն իր պաշտպանության նախարարության միջոցով ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը Լաչինի միջանցքում հնարավորինս արագ հանգուցալուծման համար։ Մենք կազմակերպել ենք կանոնավոր շփումներ մեր ադրբեջանցի և հայաստանցի գործընկերների հետ։ Այս բանակցությունների արդյունքում մեզ հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնմանը։ Մենք ակնկալում ենք, որ հրադադարի բոլոր պայմանները կպահպանվեն։
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել և հարել այն համաձայնագրերին, որոնք ամրագրված են եռակողմ հայտարարությամբ։ Մենք վստահ ենք, որ դա համաձայնագրերի լրիվ իրականացման միակ ձևն է՝ նորմալացնել հարաբերությունները Բաքվի և Երևանի միջև։ Մենք մտադիր ենք շարունակել բոլոր անհրաժեշտ օժանդակությունները տալ Բաքվին և Երևանին։
Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, նախապատրաստելով՝ խաղաղության համաձայնագիրը։ Մեր կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճելի հարցերը պետք է բացառապես լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,-նշեց ՌԴ ներկայացուցիչը։