Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 12-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի նոյեմբերի 23-ից։
Վահրամ Դումանյանը ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երևանում:
Կրթություն
1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1986-1989 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրայում:
Գիտական աստիճան, կոչում
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Աշխատանքային գործունեություն
1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
2021 թ. օգոստոսի 3-ին վերանշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Այլ տվյալներ
2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2006 թ. եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:
2007-2020 թթ. եղել է ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահը։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
2022 թ.-ից «Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահն է:
Բազմաթիվ գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաև Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի և Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգևատրվել է ԵՊՀ և ԿԳՆ ոսկե մեդալներով։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։