Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարությունը և էկոլոգիայի ու բնական պաշարների նախարարությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության հետ կայացած բանակցությունների արդյունքների հիման վրա՝ դեկտեմբերի 10-ից, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության առընթեր գույքային ծառայությունը և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն կսկսեն օգտակար հանածոների հանքավայրերի «անօրինական» շահագործման, ինչպես նաև բնապահպանական և այլ երկրորդական հետևանքների նախնական մոնիտորինգը, որոնք առաջանում են Ադրբեջանի տարածքներում (խմբ․ օկուպացված), որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Նշված է, որ նախատեսում են ստուգել օգտակար հանածոների հանքավայրերը և մշտադիտարկում անել տարբեր տարածքներում, կազմակերպել գույքի կադաստրային հաշվառում, գնահատել շրջակա միջավայրին, ստորգետնյա և մակերևութային ջրերի աղբյուրներին հնարավոր վնասներն ու ռիսկերը։