ՄԱԿ-ը ստացել է արժանահավատ տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է մահապատիժներ կիրառվեն Ուկրաինայի կողմից կալանավորված ռազմագերիների նկատմամբ: Այս մասին հոկտեմբերի 15-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Հաքը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ինչ վերաբերում է ուկրաինական իշխանությունների կողմից կալանավորված բանտարկյալների վերաբերմունքին, Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգներն ասել է, որ առաքելությունը ստացել է մահապատիժների, ինչպես նաև խոշտանգումների մի շարք արժանահավատ մեղադրանքներ», – ասել է նա։
Հաքը հավելել է, որ Բոգները հարցազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից կալանավորված 159 ռազմագերիների և Ուկրաինայի կողմից կալանավորված 175 ռազմագերիների հետ: ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքով՝ Բոգները նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունում գերության մեջ գտնվող ուկրաինացի ռազմագերիները մեղադրում են Ռուսաստանին խոշտանգումների և դաժան վերաբերմունքի համար։