Այսօր` օգոստոսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այդ տոնը հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը՝ Սբ. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեք: Եկեղեցին հորդորում է բուն տոնի՝ Խաղողօրհնեքի օրը չայցելել գերեզմաններ կամ հուղարկավորություններ կազմակերպել, քանի որ ցանկալի չէ տոնի խորհուրդը խաթարել ողբով։
Ինչպես բոլոր տաղավար տոների պարագայում, Աստվածածնի տոնին հաջորդող օրը ևս համարվում է մեռելոց։
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը կառավարությանը հնարավորություն է տալիս տոների ու հիշատակի օրերի հետ կապված տեղափոխել աշխատանքային օրերը: Կառավարության որոշմամբ՝ վաղը՝ օգոստոսի 19-ը համարվում է ոչ աշխատանքային օր: Դրա փոխարեն աշխատանքային է համարվելու օգոստոսի 24-ը:
Հիշեցնենք, որ խաղողօրհնեքը հայ առաքելական եկեղեցու հոգևոր-բարեպաշտական արարողություն է: Ըստ քրիստոնյա Հայաստան հանրագիտարանի՝ խաղողի օրհնության արարողությունը սերում է ժողովրդական Նավասարդյան տոնից, որը մեծ շուքով կատարել են նախաքրիստոնյա Հայաստանում` Հայոց թագավորների, ավագանու և ժողովրդի մասնակցությամբ: Երինջներ, ցուլեր, քաղցրահամ մրգեր են զոհաբերել Արամազդ, Անահիտ, Աստղիկ, Վահագն հեթանոսական աստվածներին: Գրիգոր Ա Լուսավորիչը, տեսնելով հեթանոսական այս տոնի խոր արմատները ժողովրդի մեջ, Աստվածածնի տոնին կցել է Խաղողօրհնեք տոնը. խորհրդանշական իմաստով եկեղեցի բերված խաղողի բերքի օրհնությամբ Հայ եկեղեցին օրհնում է նաև Հայոց ողջ այգեստանները:
Խաղողօրհնեքը համընկել է Սուրբ Գրքի պատվիրանին` թե առաջին բերքը պիտի ընծայվի Տաճարին` իբրև երախտագիտության արտահայտում: Անդրանիկ բերքն օրհնել է քահանան և գոհություն մատուցել Տիրոջը (Բ Օր. 26.1–11): Քրիստոսն իրեն համարել է ճշմարիտ որթատունկ, իսկ իր հետևորդներին` նրա ճյուղերը (Հովհ. 15.1–7):
Հայ եկեղեցին Խաղողօրհնեքի արարողությունը կատարում է Աստվածածնի Վերափոխման տոնին (օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը)` հանդիսավոր ս. Պատարագից հետո:
Իրավաբան.net