Ամեն տարի աշխարհում 1,3 միլիոն անձ է մահանում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում՝ յուրաքանչյուր 24 վայրկյանը՝ մեկ մարդ (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա/24.06.2022):
Ավտոճանապարհային պատահարների զոհերի թվով Հայաստանն ամենավատ հորիզոնականներից մեկում է՝ 2-րդ տեղում՝ Եվրամիության և Արևելյան հարևանության 33 երկրների շարքում։ Այս մասին է վկայում Համաշխարհային բանկի վերջին զեկույցներից մեկը։
Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանություն և ստացել 2017-2022 թթ․ (9 ամիս) ՀՀ-ում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ), դրանց արդյունքում մահացած քաղաքացիների թիվը, ինչպես նաև ՃՏՊ-ների առավել հաճախ գրանցված պատճառները։
Հատկանշանական է, որ 2020թ․-ին պատահաների թվի կրճատումը կապված է եղել քաղաքում մտցված սահմանափակումների հետ՝ պայմանավորված COVID-19 համավարակով։
Զոհերի թիվը նույնպես աճել է։ Եթե 2017 թվականին ՃՏՊ-ների հետևանքով զոհերը 279-ն են եղել, ապա 2021-ին արդեն 368 զոհ ենք ունեցել։
Այսպիսով գրանցվել է․
- 2017 թ․ – 279 զոհ, 3535 ՃՏՊ,
- 2018 թ․ – 343 զոհ, 4111 ՃՏՊ,
- 2019 թ․ – 341 զոհ, 4799 ՃՏՊ,
- 2020 թ․ – 348 զոհ, 4016 ՃՏՊ,
- 2021 թ․ – 368 զոհ, 4604 ՃՏՊ,
- 2022․09․30 թ․ – 219 զոհ, 3064 ՃՏՊ։
ՃՏՊ – ների առաջացման պատճառներից ամենատարածվածը արագության գերազանցումն է, այնուհետև՝ խաչմերուկի անցման կանոնների, շարքերի վերադասավորման կանոնների խախտումները։ Զգալի թիվ են կազմում նաև հետիոտների կողմից ՃԵԿ կանոնների խախտումները։
Չնայած համավարակով պայմանավորված ՃՏՊ-ների թվի նվազմանը, դրանց հետևանքով զոհերի թիվն աճել է ինչպես 2020-ին, այնպես էլ 2021-ին։ ՃՏՊ-ների հետևանքով մահացել է
- 2017թ․ – 111 վարորդ, 83 ուղևոր, 85 հետիոտն,
- 2018թ․ – 121 վարորդ, 111 ուղևոր, 111 հետիոտն,
- 2019թ․ – 138 վարորդ, 85 ուղևոր, 116 հետիոտն,
- 2020թ․ – 149 վարորդ, 110 ուղևոր, 87 հետիոտն,
- 2021թ․ – 157 վարորդ, 94 ուղևոր, 117 հետիոտն,
- 2022․09․30 թ․ – 69 վարորդ, 38 ուղևոր, 29 հետիոտն։
Երևանի ավանագու անդամ Լուսինե Գևորգյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ ՃՏՊ-ների ու դրանց հետևանքով զոհերի նման թվերը կապված են ոչ միայն
վարելու մշակույթի, այլև՝ կրթական ցենզի հետ, որը վերջին տարիներին ավելի է նվազել։
«Ես ինքս որպես վարորդ ամեն օր բախվում եմ այդ խնդիրներին։ Վերջերս մի միտք է պտտվում գլխումս․ և՛ վարորդները, և հետիոտները կորցրել են ինքնապաշտպանական բնազդը։ Վերջիններս նախընտրում են չսահմանված վայրով անցնել այն դեպքում, երբ մի քանի մետր այն կողմ հետիոտնային անցում կա»,-նշում է նա։
Գևորգյանի խոսքով՝ երթևեկության հետ կապված վիճակը ավելի է վատթարացել գարնանից, երբ մայրաքաղաքի բնակչությունը ավելացել է կապված մեծ թվով ՌԴ քաղաքացիների ժամանման հետ․ «Խցանումները առաջանում են ոչ միայն մեքենաների կուտակումներից, այլ նաև անընդհատ տեղի ունեցող ԱՊՊԱ պատահարների արդյունքում»։
Ապրիլի 10-ից ՀՀ-ում վարորդական իրավունքի տեսական քննության հարցաշարերում փոփոխություններ են արվել։ Ավելի քան 500 համալրում՝ ընդհանուր 1116 հարց: Դեռ մեկ տարի առաջ տեսական քննության հարցատոմսում 10 հարց կար: 2021-ի հունվարին ճանապարհային ոստիկանությունը փոփոխություն արեց՝ ավելացնելով ևս 10 հարց: Եթե հաջողվում է 18-ին պատասխանել, ապա քննություն հանձնողն անցնում էր գործնական քննության փուլ:
Ճանապարհային ոստիկանությունից նշել էին, որ հարցաշարը փոխելու պատճառը մեկն է. որ քաղաքացին անգիր չանի ու առանց հասկանալու մեխանիկորեն երթևեկության կանոններին ճիշտ պատասխանի։
Լուսինե Գևորգյանի խոսքով՝ նշված փոփոխությունների արդյունքը կերևա տարիներ հետո։ Հիմա ճանապարհներին երթևեկում են տարիներ առաջ վարորդական իրավունք ստացած վարորդները և գաղտնիք չէ, որ մի մասը վկայականները ստացել է նույնիսկ առանց քննություն հանձնելու։
Վերջին շրջանում Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները պատշաճ չեն վերահսկվում։ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար:
«Ճանապարհներին ժամանակին գումարով գնված վկայականներ ունեցող մարդիկ ունենք և այսօր դրա արդյունքները հայտնվել են փողոցումներում, և մենք քաղում ենք դրանց պտուղները։ Գալիս է վարորդների նոր սերունդ, որը խստացված ընթացակարգով է քննությունները հանձնում։ Լիահույս եմ, որ տարիներ հետո ճանապարհներին փոփոխությունները զգալի կլինեն»,-նշում է ավագանու անդամը։
Միևնույն ժամանակ Գևորգյանը նշում է, որ տուգանքների աճը ոչ մի կերպ չի ազդելու վարորդների կարգապահության վրա։ Ըստ նրա՝ Ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինները լրացուցիչ տեսանկարահանող սարքեր պետք է տեղադրեն, իսկ պարեկները ավելի խիստ վերաբերվեն խախտումներ իրականացնող վարորդներին։
«Տուգանքները մեծացնել պետք չէ, սակայն տեսանկարահանող սարքերից էլ հրաժարվել պետք չէ։ 2018-ին մեկ ամսով որոշում էր կայացվել անջատել տեսանկարահանող սարքերը։ Վարորդների խղճին և դատողությանն էր թողնվել կանոններին հետևելը։ Այդ լուրը արագ տարածվեց և քաղաքում քաոսային իրավիճակ էր տիրում։ Հասկացանք, որ սարքերն անջատելը նպատակահարմար չէ և այսօրվա վարորդը առանց վերահսկողության չի կարող կանոնները պահպանելով երթևեկել»,-ասաց Լուսինե Գևորգյանը։
Նա մտահոգիչ է համարում նաև մինչև 16 տարեկանների մասնակցությամբ ՃՏՊ-ների թիվը․ այս դեպքում դրա պատասխանատուն մեծահասակներն են․ «Չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր երեխաների կյանքը վստահում են մետաղին։ Մարդկանց, որոնց իրենց երեխային առանց վարորդական իրավունքի և ուսումնառություն անցնելու վստահում են մեքենայի ղեկը, առնվազն կարելի է կոչել անպատասխանատու»։
Մինչև 16 տարեկանների մասկցությամբ ՃՏՊ-ների թիվը նույնպես աճ է գրանցել։ 2017-ին գրանցվել է 438 ՃՏՊ (14 զոհ), 2018-ին՝ 469 ՃՏՊ (21 զոհ), 2019-ին՝ 521 ՃՏՊ (10 զոհ), 2020-ին՝ 399 ՃՏՊ (13 զոհ), 2021-ին՝ 520 ՃՏՊ (19 զոհ), 2022-ի առաջին կիսամյակում՝ 232 ՃՏՊ (8 զոհ)։
Հավելենք, որ Ոստիկանությունից վիճակագրական տվյալները ստանալուց հետո ևս երկու խոշոր վթար տեղի ունեցավ․ հոկտեմբերի 25-ին Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: 16-ամյա վարորդն ու 16, 16, 17 տարեկան ուղևորները մահացել էին։
Նոյեմբերի 3-ին ՃՏՊ էր տեղի ունեցել Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին։ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել էին Երևան-Արմավիր-Քարակերտ թիվ 232 երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։
Պատահարի հետևանքով 4 քաղաքացի է մահացել, որից մեկը՝ անչափահաս, 7 քաղաքացի տուժել։
Այսպիսով, 2017-2022թ․ մինչև հոկտեմբերի 1-ը ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է 1557 մարդ, վիրավորվել՝ 34․884-ը։
Ընդհանուր ՃՏՊ-ների թիվը կազմել է 24․129 դեպք։