Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պարկեշտությունը հանրապետության արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկն է, և դա կասկածի տակ դնելը պրոֆեսիոնալ չէ։
Մինսկը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ն։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի վերջին նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած հայտարարություններին․ «Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»։
«Գիտեք, Հայաստանի ԱԳՆ-ն շատ օրիգինալ դիրքորոշում է որդեգրել՝ Բելառուսն իր պատմության ընթացքում ոչ թե խոսքերով, այլ գործով է հաստատում իր դաշնակցային պարտավորությունների նկատմամբ հավատարմությունը»,-նշվում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ն հակադրել Ադրբեջանին:
«Հարցը դնել մի կողմից ՀԱՊԿ-ն դուք մեզ հետ եք, կամ ոչ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ: Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը: Ինչ կլինի վաղը, չէ՞ որ նա հավերժ չէ, ոչ մեկ չգիտի, ուստի այդ հարցերը պետք է լուծել հիմա»,- ասել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:
Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսը և ինքը՝ որպես նախագահ, կսատարեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված որևէ որոշման: