Ո՞րն է ծայրահեղ անհրաժեշտությունը․ որոշ դեպքերում անձը կարող է հանցանք գործել ու քրեական պատասխանատվության չենթարկվել

Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված է, թե որն է ծայրահեղ անհրաժեշտությունը։

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե տվյալ իրադրությունում այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում:

2. Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ այնպիսի վնաս պատճառելը, որն ակնհայտորեն չի համապատասխանել սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին և վտանգը վերացնելու հանգամանքներին, եթե քրեական օրենքով պաշտպանվող շահերին պատճառվել է կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս:

3. Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցումը բացակայում է, եթե անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս է պատճառվել: Այս դրույթը չի տարածվում այն անձանց վրա, որոնց մասնագիտական պարտականությունների մեջ է մտնում այլ անձանց կյանքի, առողջության, իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի, հասարակության կամ պետության օրինական շահերի պաշտպանությունը:

4. Ծայրահեղ անհրաժեշտության վիճակը բացակայում է, եթե վտանգն ստեղծվել է այն կանխող անձի կողմից կատարված արարքի հետևանքով: Այդ դեպքում վտանգի կանխմանն ուղղված նրա ջանքերը հաշվի են առնվում որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք:

5. Եթե ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառող անձին չի հաջողվել կանխել սպառնացող վտանգը, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության անզգուշությամբ վնաս պատճառելու համար, եթե նա կարող էր գիտակցել, որ իր ձեռնարկած միջոցները բավարար չեն եղել վտանգը կանխելու համար:

6. Ծայրահեղ անհրաժեշտության վիճակը բացակայում է, եթե տեղի է ունեցել ծայրահեղ անհրաժեշտության սադրում, այսինքն՝ երբ օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու նպատակով անձն իր արարքով վտանգ է ստեղծել օրենքով պաշտպանվող այլ շահերի համար, այնուհետև վնաս պատճառել օրենքով պաշտպանվող շահերին՝ իբրև թե ծայրահեղ անհրաժեշտության վիճակում գտնվելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել