Կիևի իշխանությունները մտադիր չեն սրել Ուկրաինայում հակամարտությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ զրույցում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը զանգահարել էր Ուոլեսին և նրան մտահոգություն հայտնել Կիևի կողմից ինչ-որ «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ։ Բրիտանացի նախարարն իր հերթին հերքել է այս պնդումները և նշել, որ Ուկրաինան չի պատրաստվում քայլեր ձեռնարկել լարվածությունը սրելու համար։
Բացի այդ, Ուոլեսը հայտնել է, որ Լոնդոնը պատրաստ է օգնել լուծելու հակամարտությունը։
«Պաշտպանության նախարարը նաև վերահաստատել է, որ Մեծ Բրիտանիան և միջազգային հանրությունը աջակցում են Ուկրաինային և ցանկանում են այս հակամարտության դեէսկալացիա: Ուկրաինան և Ռուսաստանը պետք է լուծում փնտրեն այս պատերազմի համար, և Միացյալ Թագավորությունը պատրաստ է օգնել»,-ասված է բրիտանական նախարարության հայտարարության մեջ:
Այսօր ավելի վաղ Շոյգուն զանգահարել է նաև Ֆրանսիայի և Թուրքիայի իր գործընկերներին։ Նա նրանց փոխանցել է իր մտահոգությունները Կիևից հնարավոր սադրանքների վերաբերյալ։
РИА Новости-ն հղում տալով իր աղբյուրներին նշում է, որ Կիևի իշխանությունները պատրաստվում են Ուկրաինայի տարածքում պայթեցնել ցածր արտադրողականության միջուկային զենք, որպեսզի Ռուսաստանին մեղադրեն զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ։