Զելենսկու որոշումը կարո՞ղ է հետևանքներ ունենալ Վրաստանի համար. կարծիքներ

Վրացի որոշ քաղաքագետների գնահատմամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի անդամների և մերձավորների նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են ծանր հետևանքներ ունենալ Վրաստանի համար, որոշներն էլ կարծում են, որ ուկրաինական իշխանությունների կողմից կիրառված պատժամիջոցները, միանշանակ, բխում են Վրաստանի շահերից:

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեի խոսքով, այստեղ հստակ երևում է այն կործանարար գիծը, որն ընտրել է Ուկրաինայի ներկայիս իշխանությունը Վրաստանի նկատմամբ։

«Նախագահ Զելենսկու որոշումը՝ պատժամիջոցներ կիրառելու իր «ռազմավարական գործընկեր» երկրի քաղաքացիների նկատմամբ իրականում խաթարում է այդ գործընկերությունը»,- գրել է Անջափարիձեն:

Փորձագետի համոզմամբ, անխոս, Ուկրաինայի գործող իշխանությունն ուղղակիորեն ներգրավված է Վրաստանի իշխանություններին հակասահմանադրական ճանապարհով իշխանությունից հեռացնելու գործընթացում։

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ուկրաինական իշխանությունների կողմից կիրառված պատժամիջոցները միանշանակ բխում են վրաց ժողովրդի և Վրաստանի շահերից:

Ըստ նրա, սա ոչ թե պատժամիջոց է Վրաստանի դեմ, այլ Վրաստանի համար:

«Այս տնտեսական կլանի, բիզնեսկլանի դեմ կիրառված պատժամիջոցները միանշանակ Վրաստանի շահերից են բխում. ուկրաինական իշխանություններն արեցին այն, ինչ վրաստանյան իշխանությունները պետք է դեռ վաղուց արած լինեին»,- շեշտում է Զաքարեիշվիլին:

Նրա պնդմամբ, պատժամիջոց է կիրառվել Վրաստանի ոչ ֆորմալ կառավարողների վրա:

«Ողջունում եմ ուկրաինական իշխանությունների այս քայլը, որը ժամանակին էր և ճիշտ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է կոնֆլիկտաբանը:

Վրաստանի առաջին գումարման խորհրդարանի անդամ փորձագետ Գիորգի Գիորգոբիանին նշում է, որ Զելենսկու կառավարության վերջին որոշումը պատժամիջոցների վերաբերյալ պետք է դիտարկել որպես ուղղակի ագրեսիա Վրաստանի դեմ։

«Ես վաղուց եմ գրում, որ ժամանակակից քաղաքական իրավիճակում ռազմավարական գործընկեր կամ «եղբայր ազգ» գոյություն չունի։ Կան ընդհանուր շահեր ունեցող երկրներ, կարճաժամկետ շահերով։ Ուկրաինայի այսօրվա գործողությունը բխում է նրանց շահագրգռվածությունից՝ փոխել իշխանությունը Վրաստանում ապակայունացման միջոցով, անել այնպես, որ Վրաստանի նոր իշխանությունը վառի պատերազմի կրակը Կովկասում»,- գրել է Գիորգոբիանին:

Հոկտեմբերի 19-ին հրապարակված փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները կտարածվեն Իվանիշվիլիի եղբոր՝ Ալեքսանդրե Իվանիշվիլիի և նրա կնոջ՝ Քեթևան Խարաիձեի, Իվանիշվիլիի զարմիկ Ուչա Մամացաշվիլիի և վերջինիս որդու՝ Տիտե Մամացաշվիլիի վրա:

Ի դեպ, պատժամիջոցները վերաբերում են ևս երեք վրացու՝ Փոթիի նավահանգստի, «Գալֆի» գազալցակայանների ցանցի սեփականատեր, գործարար Դավիթ Իակոբաշվիլիին, նաև Ալեքսանդրե և Գիորգի Ջափարիձեներին։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, տնտեսական գործունեությամբ զբաղվելու և Ուկրաինայի տարածքում գործունեություն ծավալելու արգելում ու տնտեսական այլ սահմանափակումներ։

Հրամանն ուժի մեջ է մտել հրապարակումից անմիջապես հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել