Ի՞նչ է հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն

Հանրային ծառայությունների համարանիշը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին (այսուհետ` քաղաքացի) հատկացվող թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անձնական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:

Iravaban.net-ը հայտնում է, որ սա սահմանված է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքով։

Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է և չի կարող փոփոխվել հանրային ծառայությունների համարանիշի ձևավորման կարգով նախատեսված տվյալների փոփոխման դեպքում:

Հանրային ծառայությունների համարանիշի ամրագրումը և օգտագործման նպատակը

1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում:

1.1. Հանրային ծառայությունների համարանիշն ամրագրվում է նաև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձից ծնված երեխայի ծննդյան պետական գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետությունում տրված ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում։

2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

3. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ, բացառությամբ համայնքի բյուջե վճարվող գումարների.

3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հանրային ծառայությունների համարանիշի ձևավորման կարգը

1. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորվում է հետևյալ կերպ.

1) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է քաղաքացու ծննդյան ամսաթիվն ու սեռը և կարող է լինել`

ա. 11-41 (11` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` արական սեռի համար,

բ. 51-81 (51` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` իգական սեռի համար.

2) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ և 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիսն ու դարը և կարող է լինել`

ա. 01-12 (01` հունվարին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 14),

բ. 21-32 (21` հունվարին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 34).

3) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ և 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը և կարող է լինել 00-99.

4) թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ և 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի քաղաքացիների` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը և կարող է լինել 001-999:

2. Վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորելիս «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:

Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնելը

1. Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի կողմից 16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել