Քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածով սահմամված են զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար նախատեսված պատիժները։
Iravaban.net-ը հայտնում է, որ Քրեական նոր օրենսգրքով, որն ուժի մեջ էմտել հուլիսի 1-ին, հոդվածում պատժաչափերի փոփոխություն է կատարվել, որոնց համաձայն․
1. Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է նրա կողմից դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Նախկինում նշված արարքի համար պատիժ էր նախատեսված կալանքը՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից կամ
2) սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:
Նախկինում՝ նշված դեպքում պատիժ էր նախատեսված՝ կարգապահական գումարտակում պահել` 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-5 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն առաջացրել է մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ հանգեցրել է զորամասում անկարգությունների կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝
պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով: