Ինչ պատիժ է նախատեսված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված լինելու դեպքում մեքենա վարելու համար

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու համար պատիժ է նախատեսված Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝

1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը 100 ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով:

2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել:

4. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, և կասեցման ժամկետը չի լրացել:

5. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

___________

Քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն տուգանքի նշանակման հնարավորությունը և չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթն ու չափը, հանցագործությամբ ստացված գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտները, դատապարտվողի ու նրա ընտանիքի գույքային դրությունը, ինչպես նաև դատապարտվողի՝ եկամուտ ստանալու հնարավորությունը կամ նրան պատկանող այնպիսի գույքի առկայությունը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել։

8-րդ մասի համաձայն, եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`

1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,

2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ տուգանքը նշանակվում է որպես լրացուցիչ պատիժ` ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ, կամ հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ, և դատապարտվողը հնարավորություն չի ունենում անհապաղ կամ պատիժը կրելու ընթացքում վճարելու այն, ապա տուգանքի վճարումը կարող է հետաձգվել մինչև հիմնական պատիժը կրելու ավարտը: Եթե հիմնական պատիժը կրելուց հետո դատապարտյալն ի վիճակի չի լինում վճարել նշանակված տուգանքը, ապա դրա կատարման հարցը լուծվում է սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով:

11- մասով էլ սահմանված է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց:

***

Հարկ է նշել, որ Քրեական նոր օրենսգրքի համաձայն՝ տուգանքի հաշվարկման հիմքում դրվում է ոչ թե պետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի, այլ անձի ամսական իրական եկամտի չափը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձը տարբեր ամիսների կարող է ունենալ եկամտի տարբեր չափ, օրենսդիրը հստակեցրել է, որ տուգանքի հաշվարկման հիմքում դրվող ամսական եկամուտ պետք է դիտարկել հանցանքի ավարտման օրվան նախորդող 12 ամիսներին ստացած եկամտի միջինացված չափի 35 տոկոսը: Փաստաբանների պալատի ներկայացրած զեկույցում նշվում է, որ օրինակ, եթե անձը 2022 թ.-ի հուլիսի 1-ին կատարել ավարտել է քրեական նոր օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք, և դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ պետք է կիրառվի տուգանք, ապա տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող եկամտի չափը որոշելու համար պետք է՝
⮚ պարզել, թե 2021թ.-ի հունիսի 30-ից մինչև 2022 թ.-ի հունիսի 30-ն ընկած 20 ժամանակահատվածում անձը որքան եկամուտ է ունեցել (աշխատավարձ, օրենսդրությամբ դրան հավասարեցված այլ վճարումներ, իր ակտիվների ներդրմամբ այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտ),
⮚ ստուգել, որ այդ եկամտի մեջ ներառված չլինեն հարկերը, տուրքերը, այլ վճարները,
⮚ հարկերը, տուրքերը, այլ վճարները չներառող եկամտի գումարը բաժանել 12 ամիսների վրա,
⮚ որոշել բաժանման արդյունքում ստացված եկամտի չափի 35 %-ը:

Եթե նշված ժամանակահատվածում անձը ստացել է, օրինակ, 6 մլն ՀՀ դրամ մաքուր եկամուտ (հարկերը, տուրքերը, այլ վճարները չներառելով), ապա տուգանքի հաշվարկման համար հիմք կհանդիսանա 500 000 ՀՀ դրամի 35%-ը կազմող չափը, այն է՝ 175 000 ՀՀ դրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել