Քրեական օրենսգրքի 246-րդ հոդվածի համաձայն պատիժ է նախատեսված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմնին սուտ տեղեկություն հաղորդելու համար։
Հոդվածի համաձայն՝ ՔԿԱԳ մարմնին սուտ տեղեկություն հաղորդելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
———————
Քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն տուգանքի նշանակման հնարավորությունը և չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթն ու չափը, հանցագործությամբ ստացված գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտները, դատապարտվողի ու նրա ընտանիքի գույքային դրությունը, ինչպես նաև դատապարտվողի՝ եկամուտ ստանալու հնարավորությունը կամ նրան պատկանող այնպիսի գույքի առկայությունը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել։
8-րդ մասի համաձայն, եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`
1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ տուգանքը նշանակվում է որպես լրացուցիչ պատիժ` ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ, կամ հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ, և դատապարտվողը հնարավորություն չի ունենում անհապաղ կամ պատիժը կրելու ընթացքում վճարելու այն, ապա տուգանքի վճարումը կարող է հետաձգվել մինչև հիմնական պատիժը կրելու ավարտը: Եթե հիմնական պատիժը կրելուց հետո դատապարտյալն ի վիճակի չի լինում վճարել նշանակված տուգանքը, ապա դրա կատարման հարցը լուծվում է սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով:
11- մասով էլ սահմանված է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց:
***
Հարկ է նշել, որ Քրեական նոր օրենսգրքի համաձայն՝ տուգանքի հաշվարկման հիմքում դրվում է ոչ թե պետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի, այլ անձի ամսական իրական եկամտի չափը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձը տարբեր ամիսների կարող է ունենալ եկամտի տարբեր չափ, օրենսդիրը հստակեցրել է, որ տուգանքի հաշվարկման հիմքում դրվող ամսական եկամուտ պետք է դիտարկել հանցանքի ավարտման օրվան նախորդող 12 ամիսներին ստացած եկամտի միջինացված չափի 35 տոկոսը: Փաստաբանների պալատի ներկայացրած զեկույցում նշվում է, որ օրինակ, եթե անձը 2022 թ.-ի հուլիսի 1-ին կատարել ավարտել է քրեական նոր օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք, և դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ պետք է կիրառվի տուգանք, ապա տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող եկամտի չափը որոշելու համար պետք է՝
⮚ պարզել, թե 2021թ.-ի հունիսի 30-ից մինչև 2022 թ.-ի հունիսի 30-ն ընկած 20 ժամանակահատվածում անձը որքան եկամուտ է ունեցել (աշխատավարձ, օրենսդրությամբ դրան հավասարեցված այլ վճարումներ, իր ակտիվների ներդրմամբ այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտ),
⮚ ստուգել, որ այդ եկամտի մեջ ներառված չլինեն հարկերը, տուրքերը, այլ վճարները,
⮚ հարկերը, տուրքերը, այլ վճարները չներառող եկամտի գումարը բաժանել 12 ամիսների վրա,
⮚ որոշել բաժանման արդյունքում ստացված եկամտի չափի 35 %-ը:
Եթե նշված ժամանակահատվածում անձը ստացել է, օրինակ, 6 մլն ՀՀ դրամ մաքուր եկամուտ (հարկերը, տուրքերը, այլ վճարները չներառելով), ապա տուգանքի հաշվարկման համար հիմք կհանդիսանա 500 000 ՀՀ դրամի 35%-ը կազմող չափը, այն է՝ 175 000 ՀՀ դրամը: