Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի բռնակցված տարածքներում ռազմական դրության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Ուկրաինայից գրավված տարածքներում՝ Դոնեցկում և Լուգանսկում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացված հատվածներում ռազմական դրություն մտցնելու մասին:

ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալով՝ նա բացատրել է, որ այդ տարածքներում ռազմական դրություն էր գործում նույնիսկ նախքան «Ռուսաստանին միանալը»։

«Այժմ մենք պետք է այս ռեժիմը ֆորմալացնենք արդեն ռուսական օրենսդրության շրջանակներում։ Ուստի ես հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին»,- ասել է Պուտինը: Այսօր հրամանագիրը հաստատման կուղարկվի Դաշնության խորհրդին։

Նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի շրջանների ղեկավարներին կտրվեն լրացուցիչ լիազորություններ՝ ապահովելու քաղաքացիների անվտանգությունը և ենթակառուցվածքները։

Պուտինը նաև հանձնարարել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը նախապատրաստել Նախարարների կաբինետին կից համակարգող խորհրդի ստեղծման մասին հրամանագրի նախագիծը՝ «հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջացող կարիքներն ապահովելու համար»։

Առանձին կարգադրությամբ նախագահը սահմանել է մոբիլիզացված քաղաքացիների համար նվազագույն երաշխավորված վճարը՝ ամսական 195 հազար ռուբլի։

Բացի այդ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում ներկայացրել է պատրաստվածության չորս մակարդակները։ Նախագահը նաև հանձնարարել է ստեղծել հատուկ համակարգող խորհուրդ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ՝ անվտանգության բարելավմանն ուղղված աշխատանքներ կազմակերպելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել