Կառավարությունը հոկտեմբերի 13-ի նիստում որոշում ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, որի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի այն զինծառայողների համար, ովքեր զբաղեցնում են մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանվում է ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով լրավճարի հաշվարկում, իսկ ատեստավորման և լրավճարի հաշվարկման կարգերն ու լրավճարների չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:
Ներկայացնելով փաթեթը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերը կարող են բարձրանալ երկու անգամ։
Գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն ատեստավորման արդյունքներով լրավճարների հաշվարկման կարգը և չափերը:
Ընդ որում, ատեստավորման արդյունքները սահմանվելու են այնպես, որ դրանք վերաբերեն բացառապես լրավճար ստանալու իրավունքին կամ այդ իրավունքից չօգտվելուն և ազդեցություն չեն ունենալու զբաղեցրած պաշտոնին զինծառայողի համապատասխանության վրա:
Ատեստավորումն իրականացվելու է կամավոր հիմունքներով, բացառությամբ մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների, որոնց համար սահմանվելու է պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քանի 4-րդ ամիսը լրանալու օրը ատեստավորման պայման, ընդ որում, ատեստավորման արդյունքներով լրավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում լրավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից:
Ատեստավորման արդյունքներով լրավճար ստանալու իրավունք ձեռք չբերած սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները կարողանալու են կրկին դիմել ատեստավորում անցնելու համար ոչ շուտ, քան 3 ամիս հետո, որի դեպքում լրավճար ստանալու իրավունք ձեռք բերելու պարագայում լրավճարը հաշվարկվելու է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է։ «Այս դեպքում էլ պետք է արձանագրենք, որ անցնում ենք նույն ճանապարհով, ինչ ուսուցիչների դեպքում։ Որոշում ենք կայացրել, որ ատեստավորման համակարգը պետք է կիրառել զինծառայության և այլ ծառայությունների պարագայում։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես կսկսի կամավոր ատեստավորման գործընթացը։ Զինվորականը ատեստավորում անցնելու դեպքում կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն նույնիսկ ավել ին։ Այս գործընթացը շարունակական բնույթ կստանա, ինչպես մենք նախկինում պայմանավորվել ենք»,-ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն նշել է, որ այս օրինագիծը պրոֆեսիոնալ բանակ ունենալուն ուղղված բարեփոխումների հայեցակարգի կարևոր և անբաժանելի մասն է. «Գիտեք, որ արդեն իսկ մեր ընդունած որոշումներից մեկի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունվածները, որոնք կավարտեն և զինծառայություն կանցնեն, կապահովվեն բնակարանով մինչև իրենց ծառայության վերջը: Մենք խնդիր ենք դրել, որ այդ բարեփոխումների արդյունքում պետք է ունենաք պրոֆեսիոնալ բանակ: Առաջինը՝ զինծառայողը պիտի չունենա բնակարանի խնդիր: Սպայակազմը, որը կավարտի ռազմաուսումնական հաստատությունը բնակարանը պետությունից կստանա, իսկ նրանք, ովքեր զինծառայության են անցել դրանից առաջ և բնակարանի խնդիր ունեն, մենք զանազան ծրագրերով կաջակցենք նրանց բնակարանի ձեռք բերման հարցում: Երկրորդը՝ զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, եթե շատ պարզ ձևակերպենք: Երրորդը՝ պիտի չունենա ընտանիքի անդամների առողջապահական կարիքների ապահովման խնդիր և չորրորդը՝ պիտի չունենա երեխաների ուսումը կազմակերպելու հետ կապված խնդիր: Ահա, այս չորս սյուների վրա է կառուցված լինելու պրոֆեսիոնալ բանակի մեր հայեցակարգը սոցիալական երաշխիքների մասով: Եվ այս որոշումը այդ շարքի կարևոր որոշումներից է»:
Մանրամասները՝ տեսանյութում