Իրավաբան.net-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը դժգոհ է «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերությանն (նախկին «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ) առաջադրված մեղադրանքից: Այդ կապակցությամբ կենտրոնը բողոք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Գրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն Հովսեփյան,
Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում հանքային արդյունաբերություն իրականացնող «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲ ընկերության օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյեմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջրերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին, արդյունքում վնաս է հասցվել բուսական և կենդանական աշխարհին, բնակչության առողջությանը:
05.12.2013թ. Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հաղորդում է հանձնվել Սյունիքի մարզի դատախազություն:
07.08.2013թ. ստացել եմ 07.08.2013թ. որոշումը քրեական գործ հարուցելու մասին: Սույն որոշմանը ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում, որ կատարվել է թերի, սուբյեկտիվ, ոչ պատշաճ խորությամբ և միակողմանի քննություն, սույն որոշմամբ ընդամենը արձանագրվել է, որ ճանապարհին մերձակա հողատարածքը աղտոտվել է ծանր մետաղներով: Մեր կողմից բողոքարկվող որոշման մեջ նշված է, որ ընկերության հարստացուցիչ Ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր և ծանր մետաղներով աղտոտել նշված ճանապարհի մերձակա 30 քառ. մետր հողատարածքը, շրջակա միջացվայրին պատճառելով էական` 300.000 ՀՀ դրամի վնաս:
Խնդրի առնչությամբ առկա են մի շարք հարցեր, որոնց բացահայտման դեպքում միայն հնարավորություն կստեղծվի հասկանալ միջադեպի իրական պատճառները, բողոքարկվող որոշումը կայացնելուց առաջ Սյունիքի մարզի դատախազ Գ. Դանիելյանը այդպես էլ չի փորձել պարզել, թե ի սկզբանե պոչամբարը սպասարկող խողովակաշարը կարո՞ղ էր դիմանալ արդյոք թափոնաջրերի ճնշմանը, ե՞րբ է կառուցվել պոչամբարը և ու՞մ կողմից, ե՞րբ է այն ենթարկվել ընթացիկ և հիմնական վերանորոգումների, ի՞նչ կազմակերպություն է իրականացնում խողովակաշարի սպասարկումն ու պահպանությունը և, վերջ ի վերջո, որո՞նք են խողովակաշարը շահագործման հանձնելու իրավական հիմքերը, ներկայումս խողովակաշարը օրինական հիմունքներով է շահագործվում, թե ոչ:
Անտեսվել է նաև այն հանգամանքը, որ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի N13-0016Դ եզրակացությամբ հաստատվում է, որ Գեղանուշի պոչամբարի շինարարությունն իրականացվել է նախագծային փաստաթղթերին և առաջադրանքներին ոչ համապատասխան:
Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք վերացնել մեր կողմից բողոքարկվող որոշումը, հարուցել քրեական գործ` նախաքննություն կատարելու համար այն ուղարկելով քննիչին:
Կից ներկայացնում եմ.
1. փաստաբանական գործունեության թիվ 731 արտոնագրի պատճեն,
2. ՀՀ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գ. Դանիելյանի կողմից 07.08.2013թ. կայացրած քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճեն»:
Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, փաստաբան Արշավիր Խալափյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հուլիսի 13-ին լրատվամիջոցներում հայտնվել էր ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին ուղղված բողոքի ոչ ամբողջական տարբերակը: Նա տեղեկացրեց, որ այդ փաստաթուղթը Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը չի տարածել:
Իրավաբան.net