Ղրիմի կամրջի վրա այսօր՝ հոկտեմբերի 8-ին, բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի բաքերը բռնկվել են։ Ըստ տեղեկությունների՝ ոչ ոք չի տուժել, միջադեպի պատճառներն ու ավերածությունների չափը ճշտվում են։
Այս մասին գրում է Tass-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ի սահմաններում։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ կամրջի ավտոմոբիլային հատվածում բեռնատար է պայթեցվել, որը երկաթուղային հատվածում գտնվող գնացքից վառելիքի յոթ բաքի այրման պատճառ է դարձել։
Կամուրջի բաց այրումն արդեն վերացվել է, Tass-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ միջադեպի հետևանքով փլուզվել է Ղրիմի կամրջի ավտոմոբիլային մասի երկու բացվածք։
Ըստ տեսողական գնահատականի՝ Կերչից Թաման մեկ ավտոմոբիլային գիծն անվնաս է, նշել է նա։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, զոհեր չկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել՝ կապված Ղրիմի կամրջի վթարի հետ։ Նա հաղորդումներ է ստացել վարչապետ Միխայիլ Միշուստինից, փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինից, արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովից և տրանսպորտի նախարարության Վիտալի Սավելևից, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարներից։