Անվան փոխումը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցում է գործակալությունը, իսկ օտարերկրյա պետության տարածքում կարող է գրանցել դիվանագիտական ծառայության մարմինը՝ անվան փոխման մասին ակտային գրանցում կատարելու միջոցով:
Գրանցումը կատարվում է փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Անվան փոխման պետական գրանցումը հիմք է անունը փոխած անձի նկատմամբ նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
Եթե այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում, որտեղ անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություն կատարել, առկա է անունը փոխող անձի վերաբերյալ գրառված տեղեկությունների անհամապատասխանություն, ապա նման անհամապատասխանությունները մինչև անվան փոխման պետական գրանցումը պետք է վերացվեն սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու միջոցով:
Անվան փոխման պետական գրանցումից հետո նույն աշխատանքային օրը հաղորդվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն, ինչպես նաև անունը փոխած անձի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:
Անվան փոխման պետական գրանցման մասին այլ մարմիններ կամ կազմակերպություններ հաղորդում կատարելու կարգը և պայմանները, ինչպես նաև այդ մարմինների կամ կազմակերպությունների ցանկը սահմանում է նախարարը:
Գրանցումից հետո նույն աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է անձի անվան փոխման վերաբերյալ տեղեկատվությունը:
Ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի երեսնապատիկի ՝ 30 000․00 ՀՀ դրամի չափով։
Անվան (անուն, ազգանուն, հայրանուն) փոփոխումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում՝ երկրորդ աշխատանքային օրը – 30 000.00 ՀՀ դրամ, հինգերորդ աշխատանքային օրը – 20 000.00 ՀՀ դրամ, յոթերորդ աշխատանքային օրը – 10 000.00 ՀՀ դրամ