Ազատազրկում՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունն արդարացնելու, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար

Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով սահմանված են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար նախատեսված պատիժները։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝

1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 136-րդ (Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը), 151-րդ (Ագրեսիա իրականացնելու ուղղակի և հրապարակային կոչերը), 313-րդ (Ահաբեկչությունն արդարացնելը, քարոզելը կամ ահաբեկչություն կատարելու կոչերը, ինչպես նաև այդպիսի կոչեր պարունակող նյութեր կամ առարկաներ տարածելը), 328-րդ (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը), 329-րդ (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) կամ 422-րդ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը 100 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 100-200 ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել