Ռուսաստանը պատրաստ է ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը նպաստելու ցանկացած փորձ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ սեպտեմբերի 19-ին՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան։
«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքերով է, այլ գործով, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ՝ իրականում, անաղմուկ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է նպաստել սահմանին իրավիճակի կայունացմանը. այս ամենը կարելի է ողջունել։ Արյդո՞ք նման աղմկահարույց գործողություններն և հայտարարություններն իրականում կարող են նպաստել նորմալացմանը՝ տեսնենք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ին։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։