Ադրբեջանը Հայաստանի սահմանների ուղղությամբ լայնածավալ ագրեսիա է սկսել

ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդում են․

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե հրետակոծությունն սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են։ Ավելին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ։ Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին, լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի զինված ուժերը։

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Տվյալները ճշտվում են։

——————

08։00 – Առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծվածիրադրությունը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին և նշվել, որ տեղի ունեցածը և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

07։20 – Կառավարությունից «Լուրերին» փոխանցեցին, որ ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին։

05։00 – Ժամը 05:00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ։

04։30 – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:

Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

04։00 – Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ Այս մասին հայտարարություն  է տարածել Պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

03։40 – Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել»։

03։30 – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը
լիցքաթափելու անհրաժեշտությունը:

02։30 – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով:

Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:

————–

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով՝ իրադրության զարգացումների վերաբերյալ։ Հորդորում ենք զերծ մնալ մարտական գործողությունների պատկերմամբ տեսանյութեր հրապարակելուց և հետևել պաշտոնական լրահոսին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել