Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է ՌԴ պաշտպանության նախարարությանը այն բանից հետո, երբ ուկրաինացի զինվորականները ազատագրել են Իզյումը, Կուպյանսկը և Բալակլեյան Խարկովի շրջանում, որոնք օկուպացված էին։ Այդ մասին նա հայտնել է իր Telegram-ում հրապարակված աուդիոուղերձում։
«Ես պաշտպանության նախարարության պես ստրատեգ չեմ: Սխալներ են թույլ տվել. Կարծում եմ՝ եզրակացություններ կանեն… Ես միշտ սիրում եմ ճիշտն ասել… Իսկ եթե այսօր կամ վաղը հատուկ ռազմական գործողության ռազմավարության մեջ փոփոխություններ չլինի, ես պետք է գնամ ՊՆ ղեկավարության մոտ և նրանց բացատրեմ իրավիճակը… Իրավիճակը շատ հետաքրքիր է, դժոխային իրավիճակ է»,-ասել է նա։
Կադիրովը նշել է, որ չի կարող որևէ մեկին մեղադրել այն բանի համար, որ ռուս զինվորականները, իր խոսքերով, «հանձնել են քաղաքները», քանի որ չի հասկանում պաշտպանության նախարարության ռազմավարությունը։ Նա նաև քննադատել է նախարարության ղեկավարությանը այն պատճառով, որ ուկրաինական զորքերի հարձակման ժամանակ «պաշտոնյաները ոչինչ չեն ասել, ոչինչ չեն հայտարարել, թեև ամեն ինչ տեսել են»։
«Ինչու է դա արվում: Ինչու է հետ տրվում: Եթե Ռուսաստանը ցանկանար, ոչ մի քայլ հետ չէին գնա. Իսկ թե ինչու դա արվեց, հարկ էր բացատրել։ Սրա համար նրանք, տեսնում եմ, պատրաստված մարդիկ չեն եղել։ Մենք միշտ ցույց ենք տալիս, թե ինչպես ենք կրակում, ինչպես ենք տանում, ինչպես ենք ոչնչացնում։ Մենք պետք է ցույց տանք մյուս կողմը»,-ասել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարի կարծիքով՝ դրական բան կա նրանում, որ ռուս զինվորականները «մի քանի քաղաքներ ու գյուղեր են տվել»։ Նրա խոսքով՝ Ուկրաինա են ուղարկվել երեք գումարտակ և Ախմատի հատուկ նշանակության գունդը՝ երկրի տարածքում «հատուկ գործողություններ» իրականացնելու համար։
«Ես՝ Ռամզան Կադիրովս, պաշտոնապես հայտարարում եմ ձեզ, որ բոլոր այս քաղաքները (Իզյումը, Կուպյանսկը և Բալակլեյա) հետ կվերադարձվեն։ Մերոնք արդեն այնտեղ են, տղաները հատուկ պատրաստված են այս գործի համար, պատրաստ են մեկնել ևս 10000 մարտիկներ։ Իսկ Օդեսա կհասնենք մոտ ապագայում»,-հայտարարել է նա։