«Դինո Գոլդ մայինինգ Քամփընի»-ին պոչամբարից արտահոսքի դեպքով առաջադրված մեղադրանքն ամբողջական չէ. իրավաբան

2012 թվականի դեկտեմբերի լույս 1-ի գիշերը «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության (նախկին «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ) պոչամբարից արտահոսքի դեպքի առթիվ Սյունիքի մարզի քննչական բաժնում հողը փչացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործ հարուցելու որոշումը կայացրել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Գարիկ Դանիելյանը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացրած Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանը: 

«Մեր կարծիքով «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության նկատմամբ առաջադրված մեղադրանքն ամբողջական չի որակված. ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասն ընդամենը մի շարք գործողությունների հետևանքի մեղմ արտացուլումն է: Ամենայն հավանականությամբ կբողոքարկենք որոշումը»,- ասաց Արշավիր Խալափյանը:

Սյունիքի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերից Սյունիքի մարզի դատախազի տեղակալը պարզել է, որ 2012 թվականի դեկտեմբերի լույս 1ի գիշերը Կապան- Մեղրի ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրով անցնող «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության (նախկին «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ) պոչամբարի թիվ 19 կոմպենսատորի վթարման հետևանքով, ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի հարստացման պոչամբարը բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջական միջավայր և ծանր մետաղներով աղտոտել նշված ճանապարհի մերձակա 30 մ/քառ. հողատարածքը` շրջակա միջավայրին պատճառելով էական` 300.000 ՀՀ դրամ վնաս:

Գործն ուղարկվել է Սյունիքի մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի. «Տնտեսական կամ այլ գործունեության վնասակար արտադրանքով հողը թունավորելը, աղտոտելը կամ այլ կերպ փչացնելը, որը կատարվել է թունաքիմիկատների, պարարտանյութերի, բույսերի աճի խթանիչների կամ այլ վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութեր պահելու, օգտագործելու և փոխադրելու, ինչպես նաև հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելով, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի (200.000-500.000) չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 1-ին` առավոտյան, Իրավաբան.net-ը ահազանգ էր ստացել Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանից, որ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարն Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյեմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջրերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին: (Գեղանուշ գետը Ողջի գետի վտակն է):

Սյունիքի մարզի նորանշանակ դատախազ Նորայր Հակոբյանն ավելի ուշ Իրավաբան.net-ին տեղեկացրել էր, որ այդ գործը գտնվում է իր անմիջական հսկողության ներքո և գործով հետաքննություն է իրականացվում: Իսկ Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչություն պետ Կորյուն Փիլոյանն էլ Իրավաբան.net-ին տեղեկացրեց էր, որ 2012 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որը տևական ժամանակ գտնվում է նախաքննության փուլում և քննությունը շարունակվում է: Նրա խոսքով` եթե պարզվի, որ պոչամարի խողովակաշարի վթարի դեպքով պետք է քրեական գործն ուղարկել դատարան, ապա այդ երկու գործերը հնարավոր է համատեղել մեկ քրեական գործում:

Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ն ավելի վաղ հրապարակել էր տեսանյութն ու լուսանկարներն: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել