Վուչիչ. Կոսովոյի ճանաչում չի լինի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյի հետ երկխոսության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Միրոսլավ Լայչակի և Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Կոսովոյի ճանաչում չի լինի։

«Խոսեք Սերբիայի ապագայի մասին, Կոսովոյի ճանաչում չի լինի»,- հանդիպումից հետո գրել է նա Twitter-ում։

Ըստ Վուչիչի՝ նա հանդիպել է Բելգրադ-Պրիշտինա երկխոսության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդականներ Էմանուել Բոնի և Յենս Պլետների հետ, որտեղ քննարկել է Կոսովոյի հարցը։

Սերբերը որևէ կերպ ընդունելի չեն համարում Կոսովոյի այնպիսի կարգավիճակ, որով երկրամասը կստանա անկախություն, մինչդեռ ալբանացիները անկախությունից ցածր կարգավիճակը համարում են անընդունելի: Սերբերը Կոսովոն համարում են բնիկ սերբական հող, ալբանացիներին` եկվորներ, որոնք տարիների ընթացքում երկրամասում դարձել են մեծամասնություն: 1918 թվականին, երբ կազմավորվեց նախկին Հարավսլավիան (Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Չեռնոգորիա (Մոնտենեգրո), Մակեդոնիա, Բոսնիա-Հերցեգովինա), գերազանցապես ալբանացիներով բնակեցված Կոսովոն ինքնավար մարզի կարգավիճակով անցավ Սերբիայի կազմ:

Ներկայումս Կոսովոն ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից 97-ի կողմից ճանաչվում է որպես անկախ պետություն։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի անդամ 112 պետություններ ինչ-որ պահի ճանաչել են Կոսովոն, որոնցից 15-ը հետագայում չեղարկել է իրենց ճանաչումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել